Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ասել է, որ «նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը եւ Անդրկովկասում տնտեսական ու նյութատեխնիկական կապերի ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը»:«Մենք կողմ ենք Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Միշուստինը: Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին՝ ՌԴ-ն կարեւորում է Հայաստանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները:«Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական կապերն ավելի են ամրապնդվում, առեւտուրն աճում է»,- ասել է ՌԴ վարչապետը՝ ավելացնելով, որ արձանագրվում է միության բոլոր երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացում։Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Հայաստանը զարգացնում են համագործակցությունը էներգետիկայի, խաղաղ ատոմի, հանքարդյունաբերության ոլորտներում.«Մոսկվան առաջարկում է արագացնել աշխատանքը համատեղ ներդրումային նախագծերի վրա: Չափազանց կարեւոր է նաեւ շարունակել ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առեւտրի ընդհանուր նախագծերում: Վստահ եմ՝ դա կնպաստի առեւտրի աճին եւ կառույցի դիվերսիֆիկացմանը»: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ: Tweet Դիտում՝ 4450