Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Յու Էմ Ագրո» ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին:Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան եւ Երվանդաշատ գյուղերում սեփականության իրավունքով պատկանող 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում հիմնել նուշի ինտենսիվ եւ խոշոր ֆերմերային տնտեսություն։ «Ծրագրի մրցակցային առավելությունն այն է, որ նուշի լայնածավալ այգիներ ՀՀ-ում գրեթե առկա չեն։ Ծրագրի իրականացումը կմեծացնի այգիների բերքատվությունը, որն էլ կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը եւ արտահանման ծավալների ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում:Նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ եւս 500 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու է 15 հիմնական եւ 20 սեզոնային աշխատատեղ։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական եւ 40 սեզոնային աշխատողի։ Աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 200 հազար դրամ։ Tweet Դիտում՝ 2438