Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրն (FSDP) այսօր Երեւանում ներկայացրել է “Կորպորատիվ կառավարումը հայաստանյան բանկերում” հետազոտության արդյունքները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հետազոտությունը հիմնված է 15 հայաստանյան բանկերի եւ շահագրգիռ կազմակերպություններ ու գերատեսչություններ ներկայացնող փորձագետների շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Հետազոտության հիմնական նպատակը եղել է կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին հայաստանյան բանկերի համակարգերի համապատասխանության աստիճանի բացահայտումը: Որպես համեմատության հիմք ընդունվել են Բազելյան կոմիտեի եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կորպորատիվ կառավարման սկզբունքները: Ինչպես նշել է FSDP փորձագետ Նարինե Մելիքյանը, հարցվածների 50 տոկոսից ավելին մատնանշել են հայրենական օրենսդրության համապատասխանությունը Բազելյան կոմիտեի եւ OECD-ի կողմից ամրագրված կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքներին: Միաժամանակ, հայաստանյան բանկերը շեշտել են կորպորատիվ կառավարման փորձի կատարելագործման անհրաժեշտությունը, մանավորապես` տեղեկացվածության բարձրացումը, ուսուցողական ծրագրերի ներդրումը, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման կոդեքսի ընդունումը: Հարցված բանկերի մեծամասնությունը (87 %) նշել է, որ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումն ուղղված է լինելու ռիսկերի կառավարման մակարդակի բարձրացմանը, 80 %-ը` բանկի իմիջի բարձրացմանը եւ ներքին հսկողության համակարգի կատարելագործմանը, 73 %-ը` բանկի բաժնետերերի, խորհրդի եւ տնօրինության միջեւ շփման արդյունավետության բարձրացմանը, 53 %-ը` ներդրումային գրավչության բարձրացմանը: Միայն հարցվածների 33 %-ն է նշել, որ այդ միջոցառումներն ազդելու են կապիտալիզացիայի, իսկ 13 %-ը` բանկի շահութաբերության աճի վրա: Tweet Դիտում՝ 14056