Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ նիստում կայացրած որոշմանը, որը վերաբերում է կապիտալի շուկայի զարգացմանը։«Վերջերս մեր բորսայում նոր բաժնետերեր, նոր ներդրողներ հայտնվեցին, ինչը մեզ հույս է տալիս, որ այդտեղ աշխուժություն կունենանք։ Կառավարության նախորդ նիստում որոշում կայացրեցինք աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք կգնան ցուցակման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ֆոնդային արժեթղթերի շուկայի զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի ընկերությունները նաև այլ աղբյուրներից իրենց անհրաժեշտ միջոցները ներգրավվեն, հայտնում են կառավարությունից:Մյուս կողմից, վարչապետի խոսքով, քաղաքացիներն իրենց խնայողություններն այսօր, ըստ էության, հնարավորություն ունեն ներդնել միայն բանկերում՝ ավանդների ձևով, և կապիտալի շուկայի զարգացումը քաղաքացիներին հնարավորություն կտա, որպեսզի իրենց միջոցները ներդնեն երկու տարբերակով՝ կամ որոշակի ընկերություններում իրենց ընտրությամբ և գնահատմամբ, որոնք ցուցակված են, ձեռք բերել բաժնետոմսեր՝ այդպիսով մասնակցելով տնտեսական և ներդրումային կյանքին, կամ պարտատոմսեր։ «Մենք որոշակի մեխանիզմ ենք ստեղծել, մասնավորապես՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ, մենք օժանդակություն ենք տրամադրում ընկերություններին։ Պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով առաջին 3 տարիների համար, սակայն ոչ ավել քան 45 մլն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար։ Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելում նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները»,- նշել է վարչապետը։Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում մարդկանց անհատական հաշիվների վրա բավականին շատ գումարներ են կուտակվում, և երկու պրոֆեսիոնալ ֆոնդ կառավարողները շատ մեծ ցանկություն ունեն նոր ակտիվներում ձեռքբերումներ իրականացնել: Եթե մի կողմից ապահովվի այդ տիպի ակտիվների մուտքը շուկա պարտատոմսերի և բաժնետոմսերի տեսքով, բնակչությունը հնարավորություն կունենա միջնորդավորված իրենց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների հաշվին նաև ֆինանսավորելու այդ տիպի գործառնությունները:Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել, ըստ որի՝ բորսայում ցուցակված կազմակերպությունը կամ միջազգային վարկանիշ ստացած կազմակերպությունը կարևոր է ոչ միայն այն տեսանկյունից, որ այդ կազմակերպությունը հաշվետու և թափանցիկ է իր անցյալ գործունեության մասով, այլ նաև ունի ապագա գործունեության աընդհատության և շարունակականության վստահելիություն:Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, կառավարությունը կապիտալի շուկայի զարգացման մեջ էական դեր է խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումն էական ազդեցություն են ունենում և շուկա ձևավորում: Եթե մասնավոր ընկերությունները պետք է վարկանիշ ստանան՝ ուղղորդվում են սուվերեն վարկանիշով, և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում դրամով գնանշված»,- հավելել է Ֆինանսների նախարարը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, մեր երկրի ռիսկերը, ըստ միջազգային առաջնակարգ վարկանիշային ընկերությունների գնահատման, այնպիսին են, որ շատ հրապուրիչ է ներդրումների համար, բայց գործիքների բացակայության պատճառով այդ հոսքը չի գալիս: Ըստ փոխվարչապետի, բորսայական առևտրի խթանումն օտարերկրյա շատ լուրջ դիվերսիֆիկացված ներդրումների հարթակ է նաև: «Ես կարծում եմ, որ դա էլ շատ կարևոր ռազմավարական նպատակ է, որովհետև օտարերկրացի ֆիզիկական անձը պետք է հնարավորություն ունենա հայկական կապիտալում ինտերնետով ներդրում անի, և դա որակապես փոխելու է ներդրումային միջավայրը և հնարավորությունները»,-ասել է փոխվարչապետը:Վարչապետի պարզաբանմամբ, այս մեխանիզմները շատ կարևոր են, քանի որ երբ օտարերկրյա խոշոր ներդրողը ՀՀ կառավարության պարտատոմս է ձեռք բերում, դա, առաջին հերթին, վստահություն է Կառավարության և երկրի նկատմամբ:Փոխվարչապետի հավաստմամբ, այս թեման ռազմավարական գերկարևոր նշանակություն ունի, որովհետև նրա ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսների շրջանառության վրա էլ է շատ լուրջ:Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ հետաքրքրությունը մեր պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ տեղի է ունենում մի միջավայրում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում տոկոսադրույքներն իջնում են: Այս հետաքրքրությունը նաև նշանակում է, որ կա սպասում, որ Հայաստանում տոկոսադրույքները շարունակելու են իջնել: Tweet Դիտում՝ 6205