Գյուղատնտեսական խնդիրները եւ կրթական աղքատությունը «Ամբերդ»-ի նոր համարում

12.07.2023 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 40%-ի եկամուտները ցածր են միջին սպառողական ծախսերից, գյուղատնտեսության ոլորտում հետընթաց է նկատվում, իսկ 2022 թվականի տվյալներով ՀՀ երեխաների շուրջ մեկ երրորդը չունի կարդալու հմտություն: Այս եւ այլ կարևոր թեմաներին են անդրադառնում ՀՊՏՀ «Ամբերդ» տեղեկագրի նոր համարում տեղ գտած հետազոտությունները:

Տեղեկագրի առաջին հոդվածն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում տնային տնտեսությունների դրամական եկամուտներին եւ դրանց միջոցով սպառողական ծախսերի ֆինանսավորման հնարավորություններին։ ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Բադադյանի գնահատմամբ, ՀՀ-ում տնային տնտեսությունների կեսից ավելիի մեկ շնչի հաշվով անվանական դրամական եկամուտները ցածր են նվազագույն աշխատավարձից, շուրջ կեսի չափով (40%) տնային տնտեսությունների եկամուտները ցածր են միջին սպառողական ծախսերից, եւ 10%-ի դեպքում եկամուտները չեն բավարարում նույնիսկ սննդամթերքի ձեռք բերման միջին սպառողական ծախսերի ֆինանսավորմանը, ինչը ցածր կենսամակարդակի հիմնավոր ապացույց է։

Հայաստանում տեւական ժամանակ է՝ գյուղատնտեսության աճը շատ ցածր է: Անգամ պետական աջակցության համալիր միջոցառումները սպասվող արդյունքը չեն ապահովում: Այս երեւույթի պատճառները բազմաթիվ են, բայց գլխավորները տնտեսությունների փոքր չափերն ու հողամասերի մասնատվածությունն են: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Ավետիսյանն իրենց հոդվածում ներկայացնում են Հայաստանի գյուղատնտեսության վերջին տարիների վիճակը, գնահատում ոլորտի աճի դանդաղման պատճառները եւ առաջարկում դրանց հաղթահարման միջոցառումներ։

2022 թվականից ի վեր ռուս-ուկրաինական պատերազմն ու բարձր գնաճը ողջ աշխարհի համար ամենահիմնական մարտահրավերներն են: Բացառություն չէ նաեւ ՀՀ-ն, որի բանկային համակարգը դեռեւս շարունակում է շահած դուրս գալ իրավիճակից: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Աղաբեկյանն իր հոդվածում անդրադարձել է ՀՀ բանկային համակարգի վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններին։

Ուսուցման ճգնաժամն արտացոլող ցուցանիշներից է կրթական աղքատության մակարդակը. մի եզրույթ, որն իր հետաքրքրական մեկնաբանությամբ կապ է ստեղծում երեխաների գիտելիքի պակասի եւ աղքատության միջեւ։ 2022 թ. տվյալներով՝ ՀՀ-ում կրթական աղքատության մակարդակը կազմել է 27.2%, այսինքն՝ երեխաների շուրջ մեկ երրորդը չունի ընթերցելու հմտություն։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Կարապետյանը գտնում են, որ կրթված, զարգացած, հոգեպես առողջ սերունդ ունենալու համար ՀՀ-ում կրթական աղքատության դեմ պայքարը պետք է դառնա ազգային եւ քաղաքական առաջնահերթություն։

«ՀՀ ինովացիոն համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը» հոդվածում ՀՊՏՀ ասպիրանտ Ռուզաննա Թադեւոսյանն ուսումնասիրել է ՀՀ ինովացիոն (նորարարական) համակարգին ուղղակիորեն առնչվող իրավական ակտերն ու ինովացիոն գործունեությունը խթանող ընթացիկ ծրագրերը եւ եկել է այն եզրահանգման, որ «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում բացակայում են որոշակիությունն ու չափելիությունը։ Հեղինակը գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել օրենքը, ինչպես նաեւ մշակել նոր, արդիական ռազմավարություն, որտեղ կներառվեն ինովացիոն համակարգի տարբեր օղակների միջեւ փոխգործակցություն ապահովող ծրագրեր։

Մշակութային զբոսաշրջության տարատեսակ է թանգարանային զբոսաշրջությունը, որի դեպքում զբոսաշրջիկներն այցելում են թանգարաններ՝ պատմամշակութային որոշակի արժեքների եւ ժառանգության հետ ծանոթանալու։ Թանգարանային զբոսաշրջության շուկան 2022 թ. գնահատվել է 20 մլրդ ԱՄՆ դոլար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում թանգարանների ընդհանուր թիվը շուրջ 104 հազար է, իսկ դրանց քանակն ամենամեծն է ԱՄՆ-ում՝ 33082։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Թովմասյանը վերլուծել է թանգարանային ոլորտը ՀՀ-ում եւ նշել թանգարանային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ քայլերը։

Տեղեկագիրն ամբողջությամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։
Դիտում՝ 5211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW