«Լույս». ՏԱՑ արագացմանը զուգընթաց՝ որոշ ցուցանիշներ սկսել են դրսեւորել աճի դանդաղման միտումներ

29.06.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #ՏԱՑ
«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-մայիս ամիսների Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպես, վերլուծությունում նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի արագացմանը զուգընթաց՝ որոշ ցուցանիշներ սկսել են դրսեւորել աճի դանդաղման միտումներ:

«Տնտեսական ակտիվությունը ծառայությունների ոլորտում, ինչպես նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալների աճերը դանդաղել են, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ՝ համեմատվող տարվա ցուցանիշներում արդեն իսկ արտացոլված են դրական շոկի ազդեցությունները։ Նշանակում է, որ այս ոլորտներում հնարավոր է աճի դանդաղում նաեւ հաջորդ ամիսներին։

Գնաճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ իջնելով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանից: Գնաճի տեմպի այսպիսի արագ դանդաղումը կարող է վնասակար լինել տնտեսության համար, թեեւ դրա հիմնական շարժիչ ուժը ներմուծվող ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի գների նվազումն է: Իրավիճակին ի պատասխան՝ ՀՀ կենտրոնական բանկը հունիսին արդեն իսկ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։

Պետական բյուջեի կատարումը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեեւ հունվար-մայիս ամիսների ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.7%-ով, դրանց կշիռը փաստացի պլանավորվածի համեմատ էականորեն ցածր է։ Հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է շուրջ 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Սա ցույց է տալիս, որ կապիտալ ծախսերի կատարողականի բարելավման միտում դեռեւս չկա, եւ առաջիկայում նույնպես արձանագրվելու են էական թերակատարումներ։

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձեւավորվել է բյուջեի ավելցուկ՝ շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ ավելցուկի եւ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում»,- ասված է վերլուծության մեջ:
Դիտում՝ 3940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW