Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը ասել է, որ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցման նոր փաթեթը «ոլորտը դնում է հարվածի տակ՝ անհավասար մրցակցային դաշտ ստեղծելով ընկերությունների համար»:ՀԱԳՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր փաթեթով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով: Հարկման նոր արտոնությունը տարածվելու է միայն այն ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց համախառն եկամտի նվազագույնը 80%-ն առաջանում է ՏՏ ծառայությունների արտահանման արդյունքում: Արսեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոլորտը ներկայացնող գործարարների շրջանում։ «Նախ՝ եթե նպատակ կա աջակցել ընկերություններին, ինչո՞ւ է այն առնչվում եկամտահարկին, որը վճարում է ոչ թե ընկերությունը, այլ՝ աշխատակիցը»,- ասել է նա:Նշվում է, որ ուսումնասիրված չէ, թե աջակցման այս ծրագիրն արդյունքում ինչի կհանգեցնի, քանի որ հիմնական արտահանողներն աուտսորսինգ ընկերություններն են, որոնց մեծ մասն արտասահմանյան է։ ՀԱԳՄ-ն համարում է, որ հիմնական թիրախում հայտնվում են ռելոկացիա եղած ընկերությունները եւ ստացվում է, որ պետությունը, ի հաշիվ տեղական ընկերությունների եւ աշխատակիցների, արտասահմանյան ընկերություններին նվեր է տալիս բավականին մեծ գումար։ Փոփոխության արդյունքում տեղական ՏՏ ընկերությունները գործելու են անհավասար մրցակցային պայմաններում, այդ թվում՝ գիտահետազոտական աշխատանք տանող կազմակերպությունները, որոնք այս պահին արտահանում չունեն՝ կունենան մեկ-երկու տարուց:«Մենք, կարծես թե, տեղական ընկերություններին ստիպում ենք գնալ գրանցվել արտերկում, նոր միայն գործունեություն ծավալել Հայաստանում»,- նշել է ՀԱԳՄ նախագահը։Արսեն Ղազարյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի աշխատակիցների մեծ մասն օգտվում է հիպոթեքային վարկերից, որի դեպքում եկամտահարկը հետ է վերադարձվում։ Ծրագրի իրագործման պարագայում, երբ եկամտահարկը պակասի, կստացվի, որ մարդիկ իրենց ռեալ աշխատավարձից պետք է փակեն հիպոթեքային վարկերը։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու գործատուների համար, քանի որ աշխատակիցները պահանջելու են համապատասխան չափով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ «Մենք քանիցս գործադիրի, օրենսդիրի առջեւ բարձրաձայնել ենք, որ եթե իրականացվում է որեւէ ծրագիր, ապա այն պետք է լինի ոլորտային, այլ ոչ թե առանձին վերցված հատուկ ընկերությունների համար, որպեսզի խուսափենք մրցակցության խեղաթյուրումից: Չպետք է որոշումներ, օրենքներ ընդունվեն՝ առանց նախապես խորհրդակցելու, մասնագիտական քննարկում անցկացնելու, համաձայնեցնելու ոլորտային ընկերությունների, գործարարների հետ»,-նշել է ՀԱԳՄ նախագահը։ Tweet Դիտում՝ 3048