Փաշինյանը եւ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը

14.06.2023 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը վերաբերող հարցեր:

«Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության եւ իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամսվա ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 96%-ով:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության եւ իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ նրանք քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը եւ ԵԱՏՄ ձեւաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ:

Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Դիտում՝ 4820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW