ԵՊՀ 15 ուսանող Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ եւ ուսվարձի փոխհատուցում կստանա

23.05.2023 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՊՀ #Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան եւ Երեւանի պետական համալսարանը կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում բուհում սովորող եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի բանկը կտրամադրի կրթաթոշակներ եւ ուսման վարձի փոխհատուցում։

Ինչպես հայտնել են բանկից, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, ինչպես նաեւ հարակից մասնագիտությունների բակալավրիատի 3-րդ եւ 4-րդ կուրսերում եւ մագիստրատուրայում սովորող 10 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, եւս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։ Կկազմակերպվի նաեւ ուսանողներից 5-ի մասնագիտական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում՝ հետագայում բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։ Հաջորդող տարիների ընթացքում եւս կրթաթոշակներ կտրամադրվեն ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի առնվազն 5 ուսանողի։

«Գործակցության նպատակն է աջակցել, խթանել եւ իրականացնել ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների եւ գործնական կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայում նրանց մրցունակության խթանմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը նշել է, որ բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում կրթության զարգացմանը եւ իր 15-ամյակին նվիրված նախագծերի շրջանակում չէր կարող չանդրադառնալ այս ոլորտին եւս։

«ԵՊՀ-ի հետ այս համագործակցության նպատակն է երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ՝ ֆինանսաբանկային համակարգում իրենց կարիերան կառուցելու համար: Մենք լավ արդյունքներ ենք ակնկալում այս նախագծից եւ հույս ունենք ապագայում ԵՊՀ շրջանավարտներին տեսնել մեր օրեցօր աճող ու մեծացող թիմում»,-ասել է Հայկ Ստեփանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարեւորելով երկկողմ համագործակցությունն ու դրա ընձեռած հնարավորությունները, նշել է, որ բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը կրթության զարգացման երաշխիքներից է․

«Այս համագործակցությունը մեր պատկերացրած հաղորդակցության լավագույն դրսեւորումներից է, երբ գործարար աշխարհի ներկայացուցիչները ներգրավվում են կրթական գործընթացում եւ նպաստում որակյալ, արհեստավարժ ու աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը։ Հատկանշական է, որ մեր գործընկերների կողմից տրամադրվելու են կրթաթոշակներ, որոնք ոչ միայն սոցիալական աջակցություն են լինելու մեր ուսանողների համար, այլեւ խրախուսելու են նրանց՝ ավելի լավ սովորելու եւ հաջողությունների հասնելու»։


Դիտում՝ 11272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW