Ապրիլ ամսին տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը՝ շաքարի, մսի եւ բրնձի համաշխարհային գնանշումների վերելքին զուգընթաց։Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6%-ով բարձր է մարտի ցուցանիշից։ Նշվում է, որ ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի, բայց միաժամանակ 5,2%-ով բարձր 2021 թվականի ապրիլի ցուցանիշներից։ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մարտ ամսից 17,6% վերելք է գրանցել՝ հասնելով 2011 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված ամենաբարձր մակարդակին։Ամսվա ընթացքում ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն աճել է 1,3%-ով, որի գլխավոր պատճառը խոզի մսի բարձր գնանշումներն էին, ինչին հետեւել են թռչնամսի գները։ Միեւնույն ժամանակ, այլ պարենային ապրանքների գնային ինդեքսները, բացառությամբ բրնձի, շարունակում են նվազման միտում ցույց տալ։ ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատությամբ 1,7%-ով նվազել է եւ միջինում 19,8%-ով ցածր է 2022 թվականի ապրիլի արժեքից։ Բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 1,3%-ով իջել է՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ հետընթաց գրանցելով։Կաթնամթերքի գնային ինդեքսի 1,7% նվազում է արձանագրվել, որի պատճառը կաթի փոշու ներկրման համաշխարհային պահանջարկի շարունակական նվազումը եւ Արեւմտյան Եվրոպայում պանրի արտահանման ավելի մեծ հնարավորություններն են։ Tweet Դիտում՝ 2757