Մայիսի 2-3-ին Նիդեռլանդների Թագավորության դեսպանության, ՀՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երեւանում անց է կացվել «Հոլանդական առողջապահական համակարգը» թեմայով սիմպոզիում, որին մասնակցում էին Հայաստանի շուրջ 100 բուժհաստատությունների աշխատակիցներ, այդ թվում՝ մարզերից։ Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հայտնել է, որ երկու երկրների մասնավոր հատվածների հետաքրքրվածությունը կարող է հիմք ծառայել բժշկական ոլորտում ապագա միջպետական ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման հարթակների ձևավորման համար։«Հայաստանի համար բարդ, բայց առանցքային խնդիր է բժշկական ծառայությունների ապակենտրոնացումը, Երևանի հետ հավասար հեռավոր շրջաններին որակյալ բժշկական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,- ասել է դեսպանը:Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված բուժանձնակազմի հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկարաժամկետ կրթական ծրագրեր մշակելուն։ «Առողջապահության համակարգում մարդկային ռեսուրսը առանցքային կապիտալն է, և մենք պետք է փուլ առ փուլ քայլեր ձեռնարկենք բժշկական անձնակազմի մասնագիտական աճի և զարգացման ուղղությամբ՝ անընդհատ հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից մոտեցումներ ուսումնասիրելու համար»,- նշել է նախարարը։Բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանն ընդգծել է, որ նման միջոցառումները պատկերացում են ստեղծում բժշկական ոլորտում առկա խնդիրների մասին։ «Հուսով ենք, որ այս սիմպոզիումը սկիզբ կծառայի գործնական քննարկումների և ծառայությունների որակը բարելավելու համար», - նշեց Տ․ Հովհաննիսյանը։Սիմպոզիումի շրջանակում Հայաստանից ավելի քան 40 փորձագետներ մասնակցել են որակավորման բարձրացման գործնական սեմինարների։ Մի շարք ծրագրեր են իրականացվել Նիդեռլանդներից ժամանած փորձագետների անմիջական մասնակցությամբ։Միջոցառման նպատակը Նիդեռլանդների առաջատար վիրաբույժների և բժշկական հաստատությունների ղեկավարների փորձը ներկայացնելն էր: Tweet Դիտում՝ 2539