Երեւան /Մեդիամաքս/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը /ՀԱԿ/ հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադարության է ենթարկել 2009 թվականի պետբյուջեն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԱԿ հայտարարությունում ասվում է, թե բյուջեի կազմման, քննարկման ընթացքում հաշվի չեն առնվել համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, եւ “երկրի տնտեսության զարգացման հիմնասյուն հանդիսանալու փոխարեն բյուջեին վերապահված է զուտ գանձապետական ֆունկցիա”: Հայտարարությունում ասվում է, որ հարկային բնագավառում կատարված փոփոխությունների հետեւանքով հարկային բեռը հիմնականում ծանրացած է փոքր եւ միջին ձեռնարկատերերի վրա: “Իրական խնդիրները փոխարինվում են կեղծ, առաջին հայացքից հմայիչ, սակայն իրականում անբովանդակ կարգախոսներով, ինչպիսինն են “Գյումրին` տեխնոքաղաք”, “Դիլիջանը` ֆինանսական կենտրոն”, “Հայաստան-Իրան երկաթուղի”, “Նավթավերամշակաման գործարան” եւ այլն, որոնց համար բյուջեով նախատեսված չեն գումարներ կամ չնչին, ծիծաղելի գումարներ են հատկացվում: Նման վերաբերմունքը վկայություն է, որ կառավարությունը ապատեղեկացնում է բնակչությանը”,- ասվում է ՀԱԿ հայտարարությունում: ՀԱԿ-ը նշում է, որ պետբյուջեի ծախսային մասում պետք է լինեին միջոցառումներ` ուղղված հատուկ հակաճգնաժամային ֆոնդի ձեւավորմանը: “Բյուջեում չկա նաեւ որեւէ հոդված, որով նախատեսված լինեն միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու, բարդացող սոցիալական վիճակը մեղմելու, բազմապատկվող գործազրկության աճը կանխելու խիստ հրատապ խնդիրները լուծելու համար նախատեսված ծախսեր”,- եզրափակում է ՀԱԿ-ը: Tweet Դիտում՝ 11678