Ապրիլի 12-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ եւ Թալին համայնքներում իրականացվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ չորրորդ հանրային լսումները: Ինչպես հայտնել են ԱՆԻՖ-ից, «Այգ-1»-ը լինելու է Հայաստանի ամենախոշոր արեւային կայանը։ ՀՀ կառավարության ծրագրով վերականգնվող էներգիայի հաշվեկշիռն ընդհանուր էներգամատակարարման մեջ նախատեսվում է հասցնել 15%-ի մինչեւ 2030 թվականը։ «Այգ-1»-ը կապահովի այս թիրախի կեսը։ ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության եւ Մասդար ընկերության ներկայացուցիչներն ազդակիր համայնքի բնակիչներին ներկայացրել են շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական հնարավոր ազդեցության գնահատման աշխատանքների, ինչպես նաեւ նախատեսված միջոցառումների համառոտ նկարագրությունը։ Երկու համայնքում էլ ներկա էին համայնքների ներկայացուցիչները, ղեկավարները, ինչպես նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Մասդարի ներկայացուցիչ Կառլոս Պոնտեն տեղեկացրել է, որ արեւային կայանները չունեն մարդկանց առողջության վրա որեւէ ազդեցություն։ Կայանի կառուցման համար ազդակիր` Թալին եւ Դաշտադեմ համայնքների արոտավայրերի ընդհանուր մակերեսի ընդամենը, համապատասխանաբար, 6 եւ 17%-ն է օգտագործվելու կայանի կառուցման համար: Կառլոս Պոնտեն անդրադարձել է նաեւ առաջարկվող սոցիալական աջակցության ծրագրերին: ՇՄԱԳ-ի ներկայացումից հետո Մասդարի եւ «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ընկերության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ծրագրի շրջանակում համայնքին տրամադրվող նվիրատվությանը եւ ընդհանուր ֆինանսական հատկացումներին։ Հարցեր են հնչել նաեւ շինարարական աշխատանքների մեկնարկի, ծրագրի իրականացման տարբեր փուլերում աշխատուժի ներգրավման եւ շինարարության ընթացքում մոտեցման ճանապարհների հետ կապված։ Նշվում է, որ ամփոփիչ լսումները նախատեսվում են անցկացնել հաջորդ ամիս, որից հետո ՇՄԱԳ-ը հաստատման կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախարարության կողմից ՇՄԱԳ հաստատումից հետո Մասդար ընկերությունը կհայտարարի արեւային կայանի շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ: 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար Մասդար ընկերության կողմից կներդրվի մոտ $200 մլն, իսկ արտադրվող էներգիայի սակագինը կկազմի $0,0290՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15%-ը՝ ԱՆԻՖ-ին:Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին: Tweet Դիտում՝ 17521