«Հայկական բիզնես անկյուն». 20 հայկական ընկերություն եւ 16 ծառայություն՝ ամերիկյան շուկայում

31.03.2023 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայկական բիզնես անկյուն» #ԱՄՆ

Մարտի 25-ին ԱՄՆ Բըրբանկ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը: Այսուհետ ամերիկյան շուկայում ներկայացված կլինի հայկական 20 ընկերություն եւ 16 ծառայություն։

«Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը եւ փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի որոշեցինք վերցնել 6-ամսյա փուլ եւ այդ ժամանակահատվածում ճիշտ ներկայացնել տվյալ ընկերությունը կամ ծառայությունը ամերիկյան շուկային։ Ճիշտ ներկայացնելով դրանք՝ հիմք ենք տալիս մեր գործարար աշխարհին ներդրումներ անել այդ ընկերություններում»,- իր խոսքում ասել է «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։

Միջազգային բիզնեսի ինտեգրացիայի առումով այս նախաձեռնությունը որոշիչ քայլ է լինելու հայկական ընկերությունների համար՝ նպաստելով նաեւ Հայաստանի տնտեսությանը։

Նախագծի թիմն արդեն բանակցել է ամերիկյան խոշոր ցանցերի հետ. նրանք պատրաստ են հայկական ապրանքատեսակներն ընդունել։



Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքները սովորաբար հասցվում են ամիսների ընթացքում։ Նախագիծը մասնակից ընկերություններին տալու է համապատասխան գործիքներ, որով առանց կորուստների կկարգավորվեն նմանատիպ խնդիրները:

Ներկաները շնորհակալություն են հայտնել նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանին՝ հայկական արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու ուղղությամբ մեծածավալ ու անգնահատելի աշխատանք նախաձեռնելու եւ իրականացնելու համար:

Բըրբանկի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին նշել է, որ ձեւավորված հայկական մեծ ու ամուր օջախն օրեցօր զարգանում է: Նրա խոսքով՝ նախագծի մասին պատմելիս Միքայել Հայրապետյանի աչքերում տեսել է փայլ ու հավատացել նախագծի հաջողությանը:

Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քացախյանն էլ նկատել է՝ այս բարդ շրջանում նմանատիպ նախագծերը նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, ուստի «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հաջողությանը պետք է աջակցեն բոլորը:



Նշվում է, որ նախագիծն արժանացել է պատվոգրերի Բըրբանկի քաղաքապետի եւ ԱՄՆ պետական առեւտրի պալատի կողմից։ Միջոցառման ընթացքում գրանցվել է մի քանի բիզնես առաջարկ Բիզնես անկյունում ներկայացված ընկերություններից 3-ի համար: Դրանք մանրամասն կհետազոտվեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի թիմի կողմից։

Նախագծի գլխավոր գործընկերներն են ArmSwissBank-ը եւ Enterprise Armenia-ն։

Տաղավարների նախագծման հարցում իր ներդրումն է ունեցել GMD ընկերությունը։ Մասնակիցների արտադրանքի եւ ուղեկցող գովազդային նյութերի տեղափոխման հարցում աջակցել է Sip2Arm կազմակերպությունը։ Տարբեր ձեւաչափերի տպագրական նյութերի պատրաստումը վստահվված էր Creative Lab-ին, իսկ մարքեթինգային հաղորդակցությունների կազմակերպումը` Gama մարքեթինգային գործակալությանը։

Նշված բոլոր ընկերությունները Armenian Business Corner նախագծի առաջին 36 մասնակիցներից են եւ հաջորդ 6 ամսվա ընթացքում իրենց տաղավարով ներկայացված են լինելու ԱՄՆ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում:


Դիտում՝ 6085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW