Լոնդոնը կորցրել է իր միանձնյա առաջատար դիրքը գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում

30.03.2023 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լոնդոն #City of London Corp. #ֆինանսական կենտրոն
Լոնդոնը կորցրել է իր միանձնյա առաջատար դիրքը համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշում, հայտնում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով City of London Corp.-ի ամենամյա ուսումնասիրությունը:

Զեկույցում, որը վերնագրված է «Բիզնեսի համար մեր գլոբալ առաջարկը. Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի մրցակցային առավելություններն աճին աջակցելու համար», համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոնները գնահատվել են 95 ցուցանիշներով: Արդյունքում, Լոնդոնը պահպանել է իր առաջին տեղը եւ բարձրացրել մրցունակության ընդհանուր միավորը 59-ից մինչեւ 60: «Սակայն, չնայած նման բարձր ցուցանիշների, ուսումնասիրության անցկացման ողջ ընթացքում Լոնդոնն առաջին անգամ չդարձավ ակնհայտ առաջատար. այլ ֆինանսական կենտրոնները [վարկանիշում] շարժվում են ավելի արագ»,- ընդգծված է հետազոտության մեջ։

Վարկանիշում առաջին տեղը Լոնդոնի հետ կիսում է Նյու Յորքը, որն անցած տարի զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Այն բարելավել է իր մրցունակության միավորը 58-ից մինչեւ 60, քանի որ գնալով ավելի շատ ընկերություններ IPO են անցկացնում ԱՄՆ-ում, նշված է զեկույցում (Reuters-ը հիշեցնում է, որ, ըստ Z/Yen-ի հետազոտության, 2018 թվականին Նյու Յորքը, որպես աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոն, առաջ էր անցել Լոնդոնից):

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը պահպանել է Սինգապուրը (51 միավոր), որին հաջորդում են Ֆրանկֆուրտը (46), Փարիզը (43), Հոնկոնգը (37) եւ Տոկիոն (35): Ընդ որում, Ֆրանկֆուրտը, Փարիզը եւ Տոկիոն իրենց գրավչությունը բարձրացրել են ավելի արագ տեմպերով, քան Լոնդոնը (ավելացնելով, համապատասխանաբար, երեք, երկու եւ երկու միավոր): Հոնկոնգի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է մեկ միավորով։

«Մեծ Բրիտանիան մնում է ամենաբաց եւ գլոբալ ֆինանսական կենտրոններից մեկը, որն ավելի լավ հասանելիություն է ապահովում միջազգային շուկաներին, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Ճապոնիան: Բայց մեր մրցակցային առավելությունը վտանգի տակ է»,- ասել է City of London-ի նախագահ Քրիս Հեյվորդը: «Անհրաժեշտ է երկարաժամկետ ծրագիր՝ ֆինանսական եւ մասնագիտական ծառայությունների ոլորտում աճը խթանելու համար»,- նշել է նա։

Կորպորացիայի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ պարտքային պարտավորությունների միջազգային թողարկման, կոմերցիոն (վերա)ապահովագրության եւ արտարժույթի առեւտրի խոշորագույն կենտրոնն աշխարհում, ինչպես նաեւ ակտիվների կառավարման երկրորդ խոշոր կենտրոնը։

2022 թվականին Մեծ Բրիտանիայի արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունները ներգրավել են գրեթե ռեկորդային ներդրումներ՝ 24 միլիարդ ֆունտ ստեռլինգ ($29,6 միլիարդ), երկրում գրանցված 135 «միաեղջյուր» ընկերություն՝ ավելի շատ, քան Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Սինգապուրում միասին վերցրած:

Այնուամենայնիվ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ավելի քիչ ընկերություններ են ընտրում ցուցակումը Լոնդոնում, նշված է զեկույցում։

City of London-ը հորդորել է կառավարությանն ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես կարելի է համոզել արագ աճող ոլորտներին «գործարկվել, մնալ եւ ընդլայնվել Մեծ Բրիտանիայում»: Այս առումով առաջնահերթություններից մեկը զեկույցում նշվում է օտարերկրյա տաղանդների հետագա ներգրավումը, քանի որ Լոնդոնի աշխատուժի ավելի քան 40%-ն արտասահմանից ժամանող օտարերկրացիներ են:
Դիտում՝ 9566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW