Մեկ տարում միաեղջյուր ընկերությունների թիվն աշխարհում աճել է մեկ երրորդով

08.06.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միաեղջյուր ընկերություններ
Այսպես կոչված միաեղջյուր ընկերությունների թիվը, որոնց արժեքը մեկնարկից հետո արագորեն հասել է $1 միլիարդի, մեկ տարվա ընթացքում աշխարհում աճել է ավելի քան մեկ երրորդով, իսկ դրանց աշխարհագրությունն ավելացել է հինգ նոր երկրներով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգումներ են պարունակվում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի Վիճակագրական հետազոտությունների եւ գիտելիքների տնտեսության ինստիտուտի հետազոտության մեջ։

Միաեղջյուր են կոչվում այն ընկերությունները, որոնց արժեքը հասնում է $1 միլիարդի հիմնադրման պահից ոչ ավելի, քան 10 տարվա ընթացքում: Բացի այդ, նման ընկերությունները չպետք է անցնեն IPO, իսկ դրանց սեփականատերերը պետք է լինեն հիմնադիրների առնվազն երեք քառորդը: Միաեղջյուր ընկերությունների առաջացումը, ինչպես նշում են վերլուծաբանները, համարվում է այս կամ այն պետության նորարարական  համակարգի արդյունավետության նշաններից մեկը։

«2022 թվականի մայիսի դրությամբ միաեղջյուրի կարգավիճակ աշխարհում ունի 1 302 ընկերություն, ինչը մեկ երրորդով ավել է անցած տարվա ցուցանիշից՝ 962: Այս տարի Արգենտինան, Իսլանդիան, Մալայզիան, Սենեգալը եւ Չիլին համալրել են միաեղջյուրների «բնակության» տարածքները, եւ այժմ դրանց ցուցակում ներառված է 29 պետություն։ Բացարձակ արտահայտությամբ առավելագույն աճ է գրանցել ԱՄՆ-ը (+175 ընկերություն), ԵՄ երկրները (+39), Հնդկաստանը (+30), Չինաստանը (+22) եւ Մեծ Բրիտանիան (+17)»,- ասված է զեկույցում։

Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ ԱՄՆ-ը (616 միաեղջյուր) եւ Չինաստանը (275 միաեղջյուր) պահպանում են իրենց առաջատար դիրքերը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները ցույց են տալիս նման ընկերությունների աճի ավելի բարձր տեմպեր, քան Չինաստանը (40%՝ 9%-ի դիմաց)։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային ցուցանիշում Չինաստանից միաեղջյուրների մասնաբաժինը 26,3%-ից նվազել է մինչեւ 21,1%:

Բացի այդ, տարվա ընթացքում ավելացել է թանկարժեք միաեղջյուրների՝ հեկտոկորների թիվը, որոնք գնահատվում են ավելի քան $100 միլիարդ: Մեկ տարի առաջ դրանք ընդամենը երկուսն էին՝ չինական ByteDance ($180 միլիարդ) եւ Ant Group ($150 միլիարդ): Իսկ այժմ այս ցանկը համալրել է ամերիկյան SpaceX-ը, որի արժեքը $74 միլիարդից հասել է $100 միլիարդի:

Զեկույցում նաեւ նշվում է, որ ավելի քան $10 միլիարդ արժողությամբ ընկերությունների (դեկակորների) թիվն աշխարհում ավելացել 42-ից մինչեւ 64:


 
Դիտում՝ 7358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW