Մասկը, Վոզնյակը եւ այլոք կոչ են արել կանգնեցնել առաջադեմ ԱԲ-ի մշակումը

30.03.2023 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Սթիվ Վոզնյակ #ԱԲ
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը եւ ավելի քան հազար փորձագետներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով դադարեցնել առաջադեմ արհեստական բանականության (ԱԲ) մշակումը:

Meduza-ի փոխանցմամբ՝ նամակի տեքստը հրապարակել է Future of Life Institute-ը։

Նամակի հեղինակներն արհեստական բանականության մշակողներին կոչ են արել անհապաղ առնվազն վեց ամսով դադարեցնել OpenAI ընկերության GPT-4-ից ավելի հզոր համակարգերի ուսուցումը։ Նամակը ստորագրած փորձագետները եւ ոլորտի ղեկավարները կարծում են, որ ուսուցումը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնվել անվտանգության ընդհանուր արձանագրությունները: Նրանց կարծիքով, եթե չստացվի արագ կանգնեցնել ուսուցումը, ապա իշխանությունները «պետք է միջամտեն եւ մորատորիում մտցնեն»։

Նամակի հեղինակները կարծում են, որ նույնիսկ «հզոր թվային ուղեղներ» ստեղծողները չեն կարող կառավարել դրանք, իսկ ժամանակակից արհեստական բանականության համակարգերը սկսում են մրցել մարդու հետ։

«Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք թույլ տալի՞ս ենք, որ մեքենաները ողողեն մեր տեղեկատվական կապուղիները քարոզչությամբ եւ կեղծիքներով: Արդյոք մենք պե՞տք է ավտոմատացնենք բոլոր աշխատանքները, ներառյալ այն աշխատանքները, որոնք բավարարվածություն են բերում: Արդյոք մենք պե՞տք է զարգացնենք ոչ մարդկային գիտակցությունը, որը կարող է ի վերջո գերազանցել մեզ թվաքանակով, խորամանկել եւ փոխարինել մեզ: Արդյոք մենք պե՞տք է ռիսկի գնանք եւ կորցնենք վերահսկողությունը մեր քաղաքակրթության նկատմամբ»,- ասված է նամակում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը չի ստորագրել նամակը։



Հիշեցնենք, որ օրերս Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում արհեստական բանականությանը նվիրված նամակ էր հրապարակել։ Նա նշել էր, որ ԱԲ-ի համատարած ընդունումը «մի շարք բարդ հարցեր կբարձրացնի աշխատուժի, իրավական համակարգի, կողմնակալության եւ այլնի վերաբերյալ»:

Մեկ այլ կարեւոր խնդիր, որի մասին հիշատակել էր Բիլ Գեյթսը, արհեստական բանականության հասանելիությունն է։ «Աշխարհը պետք է համոզվի, որ բոլորը, այլ ոչ միայն ունեւոր մարդիկ, կարող են օգուտ ստանալ ԱԲ-ից: Կառավարությունները եւ բարեգործական կազմակերպությունները կարեւոր դեր պետք է խաղան այս անհավասարությունները նվազեցնելու համար»,- նշել էր նա:

Գործարարը նաեւ հավելել էր, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեծանում է հենց «արհեստական բանականությամբ զինված» մարդկանց կողմից սպառնալիքի ռիսկը։



Իսկ Goldman Sachs-ի վերլուծաբանները վերջերս կանխատեսել էին, որ գեներատիվ արհեստական բանականության (GAI) զարգացումը կարող է հանգեցնել զարգացած տնտեսություններում աշխատատեղերի 25%-ի ամբողջական ավտոմատացմանը։

Այս տեխնոլոգիաների հետագա զարգացումը, ըստ Goldman Sachs-ի կանխատեսումների,  կարող է առաջացնել արտադրողականության բում, որը կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի տարեկան 7%-ով աճի 10 տարվա ընթացքում: Սակայն դա նաեւ կարող է բերել «զգալի ցնցումների» աշխատաշուկայում, ասված էր հետազոտության մեջ:
Դիտում՝ 7414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW