Deutsche Bank-ի բաժնետոմսերը մարտի 24-ին Ֆրանկֆուրտում կայացած առքուվաճառքի ընթացքում պահի տակ էժանացել են 15%-ով, ինչն ամենամեծ անկումն էր 2020 թվականի մարտին համավարակի առաջին օրերից ի վեր, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg-ը։Ավելի ուշ արժեթղթերը նվազեցրին անկման տեմպերը. երեկոյան Deutsche Bank-ի բաժնետոմսերը Ֆրանկֆուրտում էժանանում էին 5,4%-ով՝ մինչեւ €8,5 մեկ արժեթղթի դիմաց։ Նյու Յորքի ֆոնդային բորսայում Deutsche Bank-ի գնանշումներն այդ ժամանակ նվազում էին 5,7%-ով՝ հասնելով $9,1-ի։Deutsche Bank-ի արժեթղթերի անկման անմիջական պատճառը վարկային դեֆոլտի սվոփների (CDS) արժեքի կտրուկ աճն էր: Refinitiv-ի տվյալներով՝ մարտի 22-ից բանկի հնգամյա CDS-ների գինը 134 բազիսային կետից աճել է 200 բազիսային կետի: Սա բարձր ցուցանիշ է եվրոպական խոշոր բանկի համար, բայց դեռ հեռու է Credit Suisse-ի սահմանած առավելագույն ցուցանիշներից. անցած շաբաթ շվեյցարական բանկի տարեկան CDS-ը գերազանցեց 3000 բազիսային կետը, բանկը ստիպված եղան փրկել կառավարության միջամտությամբ։CDS-ը յուրահատուկ ապահովագրական պայմանագիր է ներդրողի՝ պարտքային արժեթղթերում ներդրումների համար: Օրինակ, եթե ներդրողը գնում է պետական պարտատոմսեր, բայց վստահ չէ, որ դրանց թողարկողը կապահովի վճարումները, նա կարող է գնել CDS: Ներդրողի անորոշության մակարդակն արտահայտվում է այն «պրեմիայով», որը գնորդը պատրաստ է լրացուցիչ վճարել այս ապահովագրության համար, եւ որքան բարձր է այն, այնքան մեծ է ներդրողի մտավախությունը եւ դեֆոլտի հավանականությունը:Deutsche Bank-ը նախօրեին հայտնել է, որ վաղաժամկետ կմարի երկրորդ մակարդակի ստորադաս պարտատոմսերը։ Նման քայլերը սովորաբար ձեռնարկվում են, որպեսզի ներդրողներին վստահություն տրվի հաշվեկշռի հուսալիության հարցում, սակայն այս անգամ ուժի ցուցադրումը հաջողությամբ չպսակվեց, նշում է Bloomberg-ը։«Սա ակնհայտ այն դեպքն է, երբ շուկան սկզբում վաճառում, իսկ հետո հարցեր է տալիս»,- նշել է FlowBank-ի շուկայական ավագ ստրատեգ Փոլ դե լա Բոմը: Նա ընդգծել է, որ դեռեւս մեծ մտավախություն կա, որ բանկային ճգնաժամը կարող է վերածվել ներդրողների փախուստի դեպի «ապահով ապաստարաններ» (risk-off իրավիճակ):Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ գերմանական Deutsche Bank-ը շահութաբեր բանկ է, եւ իրեն օգնելու անհրաժեշտության մասին մտածելու առիթ չկա։«Սա շատ շահութաբեր բանկ է, դրա մասին մտածելու առիթ չկա։ Եվրոպայում բանկային համակարգը կայուն է»,- Շոլցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Tweet Դիտում՝ 5799