Ամերիկացի գործարար, Twitter-ի գլխավոր տնօրեն, SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի ազդեցությունն ու որոշումները մեծ գլխացավանք են դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների տվյալները։Գործակալությունը նշում է, որ Twitter-ը գնելուց հետո Իլոն Մասկը դարձել է գործարար, ով վերահսկում է տրանսպորտի, օդատիեզերական, առողջապահական, հեռահաղորդակցության եւ սոցիալական մեդիայի ոլորտներում գործող հինգ ընկերություններ։ Այս ամենն այս կամ այն չափով հատվում է իշխանության շահերի հետ, ինչը միլիարդատիրոջը տալիս է եզակի համաշխարհային ազդեցություն։Օրինակ, Tesla էլեկտրամոբիլները Բայդենի կանաչ օրակարգի հիմքում են, SpaceX-ն աջակցում է NASA-ին տիեզերական հետազոտությունների մեջ, իսկ Starlink-ը, որը, հավանաբար, աշխարհի ամենամեծ մասնավոր արբանյակային ցանցն է, ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի կապի կարեւոր ծառայությունները:Սակայն Բայդենի թիմի համար ամենամեծ «այրոցը» Մասկի գալն էր Twitter ընկերություն։ Այն ղեկավարելուց ի վեր՝ գործարարը «փորոտել է» անձնակազմը եւ հրաժարվել բովանդակության մոդերացիայի ցանկացած ձեւից՝ «թույլ տալով, որ ծաղկի ապատեղեկատվությունը, երբեմն նաեւ իր սեփական օգտահաշվում, որն ունի մոտ 132 միլիոն բաժանորդ», նշում է Bloomberg-ը:«Նա նաեւ գնալով ավելի հաճախ է դաշինքի մեջ մտնում հանրապետականների հետ, ովքեր պնդում են, որ գրաքննության են ենթարկվել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների եւ դեմոկրատների կողմից, եւ բացահայտորեն աջակցում է Բայդենի հակառակորդներին»,- ասված է հոդվածում:Սպիտակ տան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ Մասկն իր բիզնես կայսրության շնորհիվ կարող է անձեռնմխելի դառնալ, գրում է գործակալությունը։ Միաժամանակ, նրանք անհանգստանում են Չինաստանում Tesla-ի աճող ներկայությունից եւ Twitter-ի հետ գործարքի հարցում գործարարի՝ մերձավորարեւելյան ֆինանսավորման կախվածություից, ինչը կարող է նրան խոցելի դարձնել դրսից մանիպուլյացիաների համար:Ամերիկացի անանուն պաշտոնյան գործակալության հետ զրույցում Tesla-ն նկարագրել է որպես «ամերիկյան «դուստր» կառույց ունեցող չինական ընկերություն»։ Անցած տարի Շանհայի գործարանին բաժին է ընկել Tesla-ի համաշխարհային արտադրության կեսից ավելին: «Չեմ կարծում, որ կա մեկ այլ ամերիկացի, ով ավելի կախված է [Չինաստանի] Կոմունիստական կուսակցության առատաձեռնությունից, քան Իլոն Մասկը», - ասել է դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները, ով ներկայացնում է Վիրջինիա նահանգը եւ գլխավորում է հետախուզական կոմիտեն:Առնվազն երեք արտասահմանյան ընկերություն օգնել է ֆինանսավորել Մասկի՝ Twitter-ի հետ գործարքը՝ սաուդյան արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալի ընկերությունը, Binance կրիպտոբորսան եւ Կատարի բարեկեցության ինքնիշխան հիմնադրամը: Հնարավորությունը, որ այս ներդրողները հասանելիություն են ստացել սոցցանցի օգտատերերի անձնական տվյալներին, նույնպես անհանգստություն է առաջացնում Սպիտակ տանը եւ ԱՄՆ հատուկ ծառայություններում, նշել են գործակալության աղբյուրները։Հոդվածում առանձին հիշատակվում է այն դրվագը, երբ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) հաղորդավարուհի Նաիլյա Ասկեր-զադեն լուսանկարվել է Մասկի հետ Քաթարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Այն փաստը, որ նա կարողացել է հեշտությամբ հասանելիություն ունենալ մի մարդու, ով գլխավորում է ԱՄՆ կառավարության կարեւորագույն կապալառուներից մեկը, եւ որին հասանելի են գաղտնի տվյալներ, նույնպես անհանգստություն է առաջացրել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների շրջանում:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Մասկի արտասահմանյան կապերն «արժանի են ուշադրության», հիշեցրել է գործակալությունը։ Պատասխանելով Bloomberg-ի՝ իր նկատմամբ Սպիտակ տան մտավախությունների վերաբերյալ հարցին, Մասկն ասել է․ «Ես հավատում եմ Սահմանադրությանը: Իսկ նրա՞նք»։ Tweet Դիտում՝ 5741