Ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է AMXTrader առեւտրային համակարգը

21.03.2023 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆինանսական շուկա #AMXTrader #ֆոնդային բորսա
Մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առեւտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման եւ ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին:

Ինչպես հայտնել են ֆոնդային բորսայից, AMXTrader-ը լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ:

Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլ անցնելուց հետո միայն, եւ այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին:

Նշվում է, որ նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու ռեպո, հասցեական եւ երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։ Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու գործարքներն արագ գտնելու եւ մշակելու համար։ AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան, որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։

«AMXTrader-ը իր նորարական լուծումներով մատչելի եւ արդյունավետ գործիք է Բորսայի անդամների, հովանավորվող հաճախորդների եւ ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջին անգամ ֆիզիկական անձինք նույնպես կարող են գործարքներ կնքել անմիջապես Բորսայի հարթակներում։ AMXTrader համակարգը մեկ ամբողջական փաթեթով հնարավորություն է ընձեռում կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում»,- ասված է հաղորդագրությունում:

AMXTrader համակարգը մասնակիցներին տալիս է հետեւյալ առավելություններն ու հնարավորությունները՝

•    Ունենալ մեկ միասնական համակարգ արտարժույթի առեւտրի, պետական ու կորպորատիվ արժեթղթերի առաջնային եւ երկրորդային շուկաներում ինչպես աճուրդների, այնպես էլ առեւտրի կազմակերպման համար։

•    Նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման եւ ներդրման հնարավորություն։

•    Բորսայի անդամների հաճախորդների առեւտրային համակարգին ուղղակի միանալու, հայտեր ներկայացնելու ու գործարքներ կնքելու հնարավորություն։

•    Ինտեգրել նոր հնարավորություններ եւ ծրագրային հավելվածներ, այդ թվում միջազգային, բորսայական առեւտրային համակարգեր:

«Անցումը AMXTrader-ին նոր խթան կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի ակտիվացման համար, այլեւ հնարավորություն կընձեռի հայկական ֆինանսական շուկա բերել եւ ներդնել ոլորտի առաջատար լուծումները»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 61355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai