Fitch-ն այս տարվա համար բարելավել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը

13.03.2023 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #ՀՆԱ #կանխատեսում
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է 2023 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ որպես դրական գործոններ նշելով Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումը, Եվրոպայում գազի ճգնաժամի զգալի թուլացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում սպառողական պահանջարկի անսպասելի կայունությունը։

Ինչպես հաղորդում է Finmarket-ը, Fitch-ի նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 2%-ով, այլ ոչ թե 1,4%-ով, ինչպես սպասվում էր դեկտեմբերին։

Ընթացիկ տարվա համար Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը 4,1%-ից բարձրացվել է մինչեւ 5,2%, Եվրոգոտունը՝ 0,2%-ից մինչեւ 0,8%, Միացյալ Նահանգներինը՝ 0,2%-ից մինչեւ 1%։

Միաժամանակ, Fitch-ը 2024 թվականի համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2,7%-ից իջեցրել է մինչեւ 2,4%: Սա պայմանավորված է Դաշնային պահուստային համակարգի (FRS) եւ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից հիմնական տոկոսադրույքների արագ բարձրացման հետաձգված ազդեցությամբ, ասված է Global Economic Outlook (GEO) թարմացված զեկույցում:

«Միայն ժամանակի հարց է, թե քաղաքականության խստացման հետեւանքները երբ ավելի տեսանելի կդառնան»,- ասել է Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քուլթոնը:



Գործակալության փորձագետները նշում են, որ ընդհանուր գնաճը, հավանաբար, արդեն հասել է իր գագաթնակետին, սակայն հիմնական գնաճը (առանց էներգակիրների եւ սննդամթերքի արժեքը հաշվի առնելու) մնում է համառորեն բարձր, ինչի պատճառով FRS-ը եւ ԵԿԲ-ն մտավախություն ունեն դրա ամրապնդման առումով:

Fitch-ն ակնկալում է, որ FRS-ի տոկոսադրույքի առավելագույն մակարդակը կլինի 5,5%, ԵԿԲ-ի վարկերի մասով հիմնական տոկոսադրույքը կկազմի 4%, իսկ տոկոսադրույքները կհասնեն այդ ցուցանիշներին հունիսին: Ներկայում FRS-ի տոկոսադրույքը կազմում է 4,5-4,75%, ԵԿԲ-ի վարկերի տոկոսադրույքը 3% է:

«Դրամավարկային խթանմանն ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան նախկինում ակնկալվում էր՝ ԱՄՆ-ում պահանջարկը դանդաղեցնելու համար, բայց մենք վստահ ենք, որ FRS-ի կողմից տոկոսադրույքի կտրուկ բարձրացումն, ի վերջո, կանդրադառնա ակտիվության վրա: Մենք նախկինի պես ԱՄՆ-ում ռեցեսիա ենք կանխատեսում, սակայն կարծում ենք, որ այն կսկսվի 2023 թվականի երրորդ եռամսյակում` մի քանի ամիս ուշ, քան FRS-ի տոկոսադրույքը կհասնի իր գագաթնակետին»,- ասված է Fitch-ի զեկույցում:
Դիտում՝ 5966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW