ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ նախօրեին տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաեւ հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարեւորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության մի շարք փոփոխություններին։ Մասնավորապես, ներկայացվել են Հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների իրավակարգավորումներին: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նաեւ հստակեցնել անհուսալի ճանաչված պարտավորությունների դադարեցման հիմքերը, չափագրման հետ կապված գործընթացները: Դիտարկվել են նաեւ շրջանառության հարկի փաստաթղթավորման հետ կապված կարգավորումները, այդ թվում՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտության ստուգումներին վերաբերող հարցերը: Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար վարչական պատասխանատվություն չկիրառել, ինչպես նաեւ կարգավորել ընդհանուր վարութային հարցեր:Հասարակական խորհրդի անդամներին ներկայացվել են նաեւ 2022թ․ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման համար նախատեսված տուգանքների մասով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2022թ. հունվարի 1-ից 2023թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 1117 միջոցառում։ Արդյունքում՝ 934 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ ապրանքների մատակարարումներ կամ տեղափոխություններ: Անփաստաթուղթ ապրանքների արժեքը կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Տուգանքի գումարը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ: Իսկ 183 դեպքով խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով խստացվել է առանց փաստաթղթավորման ապրանքները տեղափոխելու կամ մատակարարելու պատասխանատվության չափը, 2022թ. մայիսի 14-ից 2023թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 509 դեպքով արձանագրվել է շուրջ 700 միլիոն դրամի խախտում, տուգանքի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ: 127 դեպքով խախտումներ չեն հայտնաբերվել: Խորհրդի անդամները վստահություն են հայտնել, որ օրենսդրական խստացումը զսպող գործոն կարող է դառնալ իրավախախտումների դեմ պայքարում: ՊԵԿ նախագահը կարեւորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդման գործում հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: Նշվում է, որ հարկ վճարողների թույլ տված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կոմիտեն պարբերաբար հրապարակում է ՊԵԿ պաշտոնական կայքում:«Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրեսնդրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումների շուրջ քննարկումները շարունակել նաեւ աշխատանքային ձեւաչափով եւ համատեղ մշակել բարձրացված հարցերի առավել արդյունավետ լուծումները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2373