ՄԱԿ․ Աղքատ երկրները «հեղափոխական» աջակցության կարիք ունեն

06.03.2023 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #Անտոնիո Գուտերեշ
Ժամանակն է, որ զարգացած երկրները կատարեն իրենց պարտավորությունը՝ եկամուտների մի մասը աղքատ երկրների զարգացմանը տրամադրելու առումով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Դոհայում համաժողովի բացման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են առավել քիչ զարգացած երկրների խնդիրները։

Prime գործակալության փոխանցմամբ՝ խոսքը առավել քիչ զարգացած երկրներին պաշտոնական օգնության համար հարուստ երկրների կողմից համախառն ազգային եկամտի 0,15 - 0,2 տոկոսի հատկացման մասին է։ Այդ երկրները, ըստ Գուտերեշի, դժվարություններ են ապրում ճգնաժամի, կլիմայական քաոսի ու «գլոբալ խորը անարդարության» ֆոնին։

«Նրանք չեն կարողանում հասցնել տեխնոլոգիական սրընթաց փոփոխությունների հետեւից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը հայտարարել է, որ առավել քիչ զարգացած երկրները «հեղափոխական» աջակցության կարիք ունեն առանցքային ոլորտներում՝ «աղքատության վերացումից մինչեւ սննդամթերքը, առողջությունը, մաքուր ջուրը եւ սանիտարական պայմանները»:

ՄԱԿ-ը դեռ հույս է դնում իր անդամների վրա՝ աջակցելու զարգացող երկրներին տարեկան առնվազն $500 միլիարդ տրամադրելու գաղափարին, հավելել է գլխավոր քարտուղարը։

Նրա կարծիքով՝ միջազգային ֆինանսական կառույցները պետք է «ստեղծարար» մոտեցումներ մշակեն ֆորսմաժորային իրավիճակների դեպքում ֆինանսավորումն ընդլայնելու համար։

Գուտերեշը մանրամասնել է, որ դա ենթադրում է նաեւ ֆինանսավորման ընդլայնում չնախատեսված հանգամանքների դեպքում։ Բացի այդ, նա առաջարկել է պարտքային գործիքներում ընդգրկել բնական աղետների եւ համավարակների վերաբերյալ դրույթները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել արագացնել հատուկ փոխառության իրավունքների վերաբաշխումն առավել հարուստներից ամենակարիքավորներին: Նրա կարծիքով՝ բազմակողմ զարգացման բանկերը պետք է փոխեն իրենց բիզնես մոդելը, որպեսզի միջոցներն օգտագործվեն «զարգացող երկրներ ողջամիտ գնով մասնավոր ֆինանսավորում ներգրավելու համար»։

Բացի այդ, Գուտերեշը նշել է ազգային տնտեսությունները չափելու նոր եղանակներ մշակելու անհրաժեշտության մասին՝ հիմնված «ողջախոհության», այլ ոչ միայն ՀՆԱ-ի ծավալի վրա։ Դա թույլ կտա օբյեկտիվ պատկերացում կազմել «բնական կապիտալի արժեքի մասին», հավելել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայիս ֆինանսական համակարգն անվանել է «խորապես կողմնակալ» եւ հայտարարել, որ դրա պատճառով առավել քիչ զարգացած երկրներում տոկոսադրույքներն ութ անգամ ավելի բարձր են, քան զարգացած պետություններում։ Միաժամանակ, որոշ զարգացող երկրներ զգալի միջոցներ են ծախսում պարտքի սպասարկման վրա, ընդգծել է նա։
Դիտում՝ 5653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW