Հայաստանում կստեղծվի նոր ավան՝ համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով, ամառային եւ ձմեռային հանգստավայրով:Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Նշվում է, որ աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի ստեղծմանը՝ մշտապես զարգացման հնարավորություններով: Ծրագրով նախատեսված է ամառային եւ ձմեռային հանգստավայրի կառուցում: Իսկ ջրամբարի կառուցումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը` մեծացնելով ոռոգվող հողամասերի մակերեսները: Նախատեսված է համայնքի բնակչությանը ոռոգման ջուրը տրամադրել անհատույց, ինչը կլուծի նաեւ համայնքի բնակիչների համար արդիական սոցիալական խնդիրները:Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Կկառուցվեն ՀՀ-ում նախադեպը չունեցող լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ (Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխանող շուրջ 30 կմ սահուղիներ, ճոպանուղի, լեռնադահուկային կանգառներ): Ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236.797 արտաքին եւ 199.339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Ընկերությունը պատրաստակամ է առաջիկա հինգ տարվա ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ընկերության կողմից առաջիկա տասը տարվա հարկային մուտքերը պետբյուջե կկազմեն մոտ 34.8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի գծով հատկացումները համայնքային բյուջե` մոտ 5.34 մլրդ դրամ: Արդյունքում՝ Արագածոտնի մարզի Արագած եւ Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային եւ ձմեռային հանգստավայրով:ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային եւ էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմայով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաեւ 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ եւ 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է $190 մլն»,-ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 5699