Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները փոխհատուցում կստանան

23.02.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գործազուրկ #գործատու #փոխհատուցում
Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների աշխատանքի տեղավորման հնարավորությունները:

Առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը եւ աջակցության տեւողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաեւ հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։

Որպես միջոցառման շահառուներ հիմնականում նախատեսվել են ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձինք: Շահառուների տարիքային բաժանման համար հաշվի է առնվել նաեւ «Ամերիա» եւ «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները։

Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող եւ չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք երեխայի խնամքով պայմանավորված՝ աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ: Թիրախ խմբերում 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, համաձայն որի պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ։

Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին աշխատանքի ընդունելու դեպքում առաջարկվում է գործատուին տրամադրել միանվագ աջակցություն:

Նշվում է, որ աջակցությունն առաջարկվում է տալ այն գործատուներին, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող եւ ծրագրի շրջանակում  աշխատանքային պայմանագիր են կնքում այն գործազուրկի հետ, որը մինչեւ սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող եւ վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։
Դիտում՝ 2138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW