Ռազմավարական կառավարման ոլորտում աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկը՝ McKinsey & Co-ն, նախատեսում է կրճատել շուրջ 2 հազար աշխատակցի։Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, սա ընկերության գրեթե հարյուրամյա պատմության մեջ ամենամեծ կրճատումներից մեկն է։Աղբյուրների տվյալներով՝ կրճատումներն իրականացվում են Project Magnolia անվանումը ստացած ծրագրի շրջանակում եւ, առաջին հերթին, կանդրադառնան վարչական եւ տեխնիկական աշխատակիցների վրա, որոնք անմիջական կապ չունեն ընկերության հաճախորդների հետ։ Նշվում է, որ վերջին տարիներին McKinsey-ն մեծ թվով նոր աշխատակիցներ է ներգրավել, եւ այժմ ընկերությունը ցանկանում է վերակառուցել օժանդակ բաժինների կազմակերպման գործընթացը։Սպասվում է, որ կրճատումները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։ Ներկայում ընկերությունում աշխատում է 45 հազար մարդ։ McKinsey-ն Bloomberg-ին հաստատել է, որ ընկերությունը «վերակառուցում է այն բաժինների աշխատանքը, որոնք չեն սպասարկում հաճախորդներին, եւ դա տեղի է ունենում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ»: Tweet Դիտում՝ 6236