Այսօր եվրոպական բիզնեսը Ռուսաստանում ապրում է նորագույն պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը։ Քանի դեռ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը հիմնովին չի փոխվել, դժվար թե տնտեսական պատկերը եվրոպական բիզնեսի համար բարելավվի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը։«Սակայն երկարաժամկետ հեռանկարում լավատեսության հիմքեր կան. նախ՝ Եվրոպան եւ Ռուսաստանը նախկինի պես բախվում են մի շարք ընդհանուր մարտահրավերների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, հանրային առողջության համար հնարավոր ռիսկերը եւ այլն։ Այս մարտահրավերները վաղ թե ուշ կպահանջեն համագործակցության վերականգնում, եթե մենք ցանկանում ենք դրանք հաղթահարել:Երկրորդ, աշխարհագրական եւ մշակութային մոտիկությունը բացարձակապես անհնար է չեղարկել, հետեւաբար, համոզված եմ, որ Եվրոպան ու Ռուսաստանը վաղ թե ուշ կգտնեն նոր մեկնարկի ուղիներ եւ գաղափարներ։ Իսկ մինչ այդ մենք պետք է համբերատար լինենք եւ փոքր քայլերով անենք մեր տքնաջան աշխատանքը, որպեսզի հնարավորինս ավելի շատ պահպանենք նրանից, ինչ ունեցել ենք՝ հետագայում զրոյից չսկսելու համար»,- ասել է ասոցիացիայի ղեկավարը։Այնուամենայնիվ, ըստ նրա, մարտահրավերները, որոնց բախվում են եվրոպական ընկերությունները, իսկապես, աննախադեպ են թե՛ քանակական, թե՛ որակական առումով։ Շիլինգն առանձնացրել է գնալով ավելի բարդ նորմատիվ իրավական միջավայրը, մատակարարումների շղթաների խաթարումը, ավելի աշխատատար ու թանկ լոգիստիկան, դրամական փոխանցումների հետ կապված խնդիրները եւ հեղինակությանն առնչվող չնախատեսված ռիսկերը:Մեկնաբանելով որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները «ներկայիս ճգնաժամի սկզբից ռուսաստանյան շուկան լքած հազարավոր օտարերկրյա ընկերությունների մասին»՝ նա, մասնավորապես, ասել է.«Եթե դուք ակնկալում եք, որ ես թիվ կներկայացնեմ, ապա պետք է հիասթափեցնեմ: Հստակ թիվ ես չգիտեմ։ Բայց չեմ կարծում, որ փաստացի թիվն իսկապես նշանակություն ունի: Ես խոսել եմ արտասահմանյան ընկերությունների բազմաթիվ ղեկավարների եւ մենեջերների հետ, եւ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մեկնած ընկերության հետեւում հարյուրավոր թախծալի անձնական պատմություններ կան, եւ յուրաքանչյուր այդպիսի դեպք ոչ միայն տնտեսական կորուստ է, այլեւ կորուստ է մարդկային հարաբերությունների առումով, քանի որ Ռուսաստանում գործող օտարերկրյա բիզնեսի համար մարդկանց միջեւ սերտ շփումները միշտ էլ կարեւոր դեր են խաղացել։Միաժամանակ, չնայած հասկանալի պատճառներով լրատվամիջոցներում գերակշռում են հեռանալու մասին վերնագրերը, Ռուսաստանում նախկինի պես մնում են եվրոպական բազմաթիվ ընկերություններ, հատկապես այն ոլորտներում, որոնք ավելի քիչ են տուժում պատժամիջոցներից կամ ճգնաժամի հետ կապված այլ խնդիրներից: Որպես ասոցիացիա, մեր խնդիրն է օգնել նրանց գոյատեւել ներկայիս ճգնաժամում»,- ընդգծել է Տաձիո Շիլինգը։ Tweet Դիտում՝ 7261