Credit Suisse-ը $210 միլիոն է վճարել վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին հայտնել է շվեյցարական բանկի ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ այս գումարը բանկը վճարել է «որոշակի ժամկետում՝ հայցվորի բոլոր հաշիվներով վարույթի շրջանակում»։ Ստույգ ժամկետները Credit Suisse-ը չի նշել: Մինչ օրս սա Credit Suisse-ի ամենամանրամասն հայտարարությունն է այն մասին, թե որքան է արժեցել վրացի գործարարի հետ 2016 թվականից ձգձգվող դատական գործընթացը, նշում է գործակալությունը։Իվանիշվիլին դատական գործընթացի մեջ է Credit Suisse-ի հետ մի քանի իրավասություններում։ Անցած տարվա մարտին Բերմուդյան կղզիների դատարանն անցավ միլիարդատիրոջ կողմը, ով պնդում է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ է կորցրել շվեյցարական բանկի աշխատակիցներից մեկի գործողությունների պատճառով։Credit Suisse-ի դեմ Իվանիշվիլիի հայցերի ընդհանուր գումարը կազմում է մոտ $800 միլիոն։Իվանիշվիլին պնդում է, որ տուժել է բանկի նախկին մենեջեր Պատրիս Լեսկոդրոնի գործողություններից։ Նա 2018 թվականին դատապարտվել էր խարդախության համար, ազատ էր արձակվել 2019-ին, իսկ 2020 թվականին ինքնասպան եղել։Լեսկոդրոնը խոստովանել էր, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ սկսել էր կորուստները ծածկել հաճախորդների միջոցների հաշվին։ The Wall Street Journal-ը գրել էր, որ FINMA շվեյցարական կարգավորիչի կողմից հրապարակված զեկույցից հետեւում էր, որ Credit Suisse-ը դժգոհություններ է ունեցել մենեջերի գործողություններից, սակայն բանկը պատշաճ քայլեր չի ձեռնարկել։Credit Suisse-ը հերքում է դա, իսկ զեկույցի հրապարակման կապակցությամբ Լոնդոնում հայց է ներկայացրել ընդդեմ Իվանիշվիլիի եւ այլ ներդրողների։Ըստ Forbes Real-Time վարկանիշի՝ Բիձինա Իվանիշվիլին առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում։ Միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է $4,8 միլիարդ: 2012 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Իվանիշվիլին եղել է Վրաստանի վարչապետը։ Tweet Դիտում՝ 10038