Հայաստանում գյուղմթերքի մթերման եւ բաշխման լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն

16.02.2023 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գյուղմթերք #մթերում #բաշխման կենտրոն
Փետրվարի 15-ին ներկայացվել է Հայաստանում գյուղմթերքի մթերման եւ բաշխման կենտրոնների ստեղծման գործողությունների պլանը:

Նախաձեռնության նպատակն է նվազեցնել հետբերքահավաքային կորուստները, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում եւ նպաստել գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը:

Ինչպես հայտնել են Հայաստանի ներդրումային խորհրդից, էկոնոմիկայի նախարարությանը կներկայացվի գյուղմթերքի մթերման եւ բաշխման կենտրոնների ձեւավորմանը նպաստող ռազմավարական մոտեցումների փաթեթ՝ համապատասխան առաջարկներով եւ ճանապարհային քարտեզով։  

«Հայաստանում ֆերմերների կրած փաստացի հետբերքահավաքային կորուստները հիմնականում պայմանավորված են գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ կարողությունների բացակայությամբ։

Հետազոտական տվյալների համաձայն, բերքահավաքի իրացումը լրջագույն խնդիրներից է ֆերմերների համար, այն ազդում է ոլորտի զարգացման եւ համապատասխան միջոցների արդյունավետ օգտագործման վրա (հող, ջուր, աշխատուժ, սերմեր, պարարտանյութ եւ այլն): Հենց այս խնդրին է անդրադառնում Հայաստանում գյուղմթերքի մթերման եւ բաշխման կենտրոնների (լոգիստիկ կենտրոնների) ստեղծման գործողությունների պլանի մշակման նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնները ռազմավարական նշանակություն ունեն, նրանք կարող են կապ ապահովել ֆերմերների եւ շուկաների միջեւ` դրանք կլինեն թե տեղական, թե արտաքին շուկաներ, եւ կկարողանան հստակ պայմանագրային սկզբունքով թելադրել ֆերմերին, թե ինչ մշակաբույսեր այսօր ունեն պահանջարկ:

«Գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոնները կարեւորվում են նաեւ սննդի անվտանգության տեսանկյունից՝ հնարավոր կլինի ապահովել գյուղմթերքի հետագծելիությունը եւ հետեւել, թե որ մթերքն ինչ ծագում ունի»,- ասել է նա:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ հնարավոր չէ գերագնահատել առաջնային գյուղատնտեսությունը դերը Հայաստանում տնտեսական աճի ապահովման եւ գյուղական համայնքների զարգացման առումով։

«Արդյունավետ հետբերքահավաքային արժեշղթան առաջնային գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից է։ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրողներին համապատասխան բիզնես ծրագրերի առկայության դեպքում»,- ասել է նա:

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանի խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը կենտրոնացած է փոքր ֆերմերների շրջանում, որոնց մոտ հետբերքահավաքային կորուստները տատանվում են 20-30% սահմանում, մյուս կողմից`Հայաստանում գյուղմթերքի իրացման առկա շղթաները թերզարգացած են եւ շատ դեպքերում անհնար է լինում դիտարկել անվտանգային, պլանավորման եւ սպառման կարեւորագույն դրույթներ:

Տվյալների հավաքագրման փուլում նախատեսվում է այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր եւ համայնքներ, մասնագիտական քննարկումներ տարբեր բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների եւ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, տվյալների հավաքագրում եւ վերլուծություն, որի հիման վրա կմշակվի գյուղմթերքի լոգիստիկ կենտրոնների (մթերման եւ բաշխման կենտրոններ) ձեւավորման համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումների նախագիծը։
Դիտում՝ 2693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW