Անդրեյ Մովչան. Հայաստանի տնտեսությանը սպառնում է «Հոլանդական հիվանդությունը»

13.02.2023 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Մովչան #Հայաստան #ներգաղթ
Տնտեսագետ, Movchan's Group ընկերությունների խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանը Meduza-ի փոդքաստում՝ նվիրված անցած տարի ռուսաստանցիներին ընդունած որոշ երկրներում տնտեսական սրընթաց աճին, հայտարարել է, որ արտասահմանից Հայաստան բերված դրամական միջոցների ծավալը կազմել է երկրի ՀՆԱ-ի 60%-ը։

«Եթե խոսենք, օրինակ, Հայաստանի եւ Վրաստանի մասին, ապա պատկերն այնտեղ դրամատիկորեն է փոխվել։ Մենք չունենք վերջին տվյալները, դրանք որոշ ժամանակ դեռ հասանելի չեն լինի, եւ նույնիսկ այն տվյալները, որոնք կհայտնվեն, դժվար կլինի մեկնաբանել։ Այնուամենայնիվ, որոշ նախնական թվեր ցույց են տալիս, որ արտասահմանից Հայաստան բերված դրամական միջոցների ծավալը կազմել է երկրի ՀՆԱ-ի 60%-ը։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի համար սովորական, ստանդարտ մակարդակը եղել է 10%, 12%, 14%, ինչ-որ պահի՝ նույնիսկ 6%»,- նշել է Անդրեյ Մովչանը։

Նրա գնահատմամբ՝ սա «չափազանց կարեւոր է եւ օգտակար», նման միջոցների հաշվին հնարավոր է երկար ժամանակ ներմուծում ապահովել, ներդրումներ կատարել երկրի ներսում եւ զարգացնել տնտեսությունը։ «Բացի այդ, տարբեր հաշվարկներով, Հայաստան է տեղափոխվել մինչեւ 100-150 հազար մարդ․ նրանք կաշխատեն, հարկեր կվճարեն, ինչը նույնպես շատ լուրջ հավելում է 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար»,- ասել է տնտեսագետը։

Պատասխանելով Հայաստանում անցած տարվա «տպավորիչ տնտեսական աճի» եւ առաջիկա տարիներին այդ միտումը շարունակելու հեռանկարների մասին հարցին՝ Մովչանը նշել է, որ «թվերը վտանգավոր սուբստանցիա են, պետք չէ դրանցով շատ տարվել»։

«Իմ կարծիքով, զարմանալի է, որ Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի այդքան փոքր աճ, քանի որ Հայաստանը հարուստ երկիր չէ եւ, ըստ էության, դրամական միջոցների եւ մարդկանց նման հսկայական հոսքը, հավանաբար, պետք է ՀՆԱ-ն էլ ավելի բարձրացներ։ Ուրիշ բան, որ վերջերս Հայաստանում պատերազմ է եղել Ադրբեջանի հետ, եւ երկրի տնտեսությունն ինքնին բավականին թույլ է, ու նույնիսկ այդքան ծավալի գումար ու մարդկանց իր մեջ կլանելը շատ չի օգնում։

Եվ գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետագայում այս ամենի հետ: Ահա նրանք ստացան այդ գումարը, բանկերում կտրուկ ավելացան միջոցները․ ի՞նչ անել դրանց հետ։ Դրանք պետք է ինչ-որ կերպ օգտագործել։ Թույլ տնտեսության մեջ այդ միջոցները դժվար է օգտագործել։ Հետեւաբար, միանգամայն հնարավոր է, որ այդ գումարները որոշ ժամանակ անց պարզապես կտարածվեն այլ երկրներում, այլ տնտեսություններում։ Եթե նույնիսկ որեւէ ռուսաստանցի գումար է ուղարկել հայաստանյան բանկ, որոշ ժամանակ անց պարզել է՝ ինչն ինչոց է, այդ գումարով գնել է պայմանականորեն ամերիկյան գանձապետական պարտատոմսեր, ապա այդ միջոցները, միեւնույն է, հայտնվել են Ամերիկայում»,- նշել է Մովչանը։

Ուստի, ինչպես կարծում է տնտեսագետն, այս էֆեկտը կամաց-կամաց կմարի, այդ թվում՝ այն պատճառով, որ ռուսաստանցիներն աստիճանաբար ավելի հարմար եղանակներ կգտնեն Ռուսաստանից դրամական միջոցները դուրս հանելու եւ արտասահմանում պահելու համար։

«Կարծում եմ՝ Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի եւ հատկապես Թուրքիայի դեպքում՝ ելնելով ստեղծված իրավիճակից, եւ նույնիսկ Էմիրությունների պարագայում, այդ գումարներն աստիճանաբար կտեղափոխվեն այլ վայրեր, եթե այս երկրներն արագորեն չստեղծեն ենթակառուցվածք, որը կբավարարի այդ գումարների սեփականատերերին։

Երեւում է, որ Հայաստանում այս ուղղությամբ ինչ-որ բան արվում է․ ի հայտ են գալիս ֆոնդային կառույցներ, փոխվում է օրենսդրությունը, անմիջապես մեր աչքերի առջեւ սկսում են աշխատել տեղական բրոքերները»,- ընդգծել է Անդրեյ Մովչանը՝ նշելով, որ իրենց ընկերությունը եւս գրասենյակ է բացում Հայաստանում։

Նա գտնում է, որ նման երկրներում կարող է առաջանալ դասական «հոլանդական հիվանդությունը»․

«Երբ դրամական միջոցների նման առատություն է ներթափանցում, մարդիկ գալիս եւ բիզնես են վարում, ապա գները սկսում են բարձրանալ, տեղի է ունենում գնաճ, ամեն ինչ թանկանում է ու ճոխանում, բոլոր ռեստորաններում հայտնվում է դդմի լատտե, իսկ հետո այս ալիքը վերանում է եւ դդմի լատտեի հսկայական պաշարները մնում են չօգտագործված։ Սա, անկասկած, տեղի կունենա Կովկասում։ Արդեն հիմա հայաստանցի տնտեսագետները խոսում են Հայաստանում «հոլանդական սինդրոմի» հավանականության մասին, դրանից չես փախչի»։

Անդրեյ Մովչանը դժվարացել է կանխատեսել՝ արդյոք այս հոսքը մշտական կլինի, արդյոք Ռուսաստանը հեռանկարում կգեներացնի դրամական միջոցների եւ մարդկանց նման հոսք։

«2023 թվականին դեռեւս կլինի, միգուցե, ոչ այսպիսի ծավալով, իսկ թե ինչ տեղի կունենա 2024-25 թվականներին, դժվարանում եմ ասել։ Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը պատերազմում։ Հենց Եվրոպան բացվի ռուսաստանյան փողերի համար, դրանք նորից կտեղափոխվեն այնտեղ, քանի որ տարածաշրջանն ավելի զարգացած է ենթակառուցվածքների տեսանկյունից եւ ավելի հուսալի՝ վարկային վարկանիշների առումով»,- նշել է տնտեսագետը:

«Հոլանդական հիվանդությունը» կամ Գրոնինգենի էֆեկտը ենթադրում է ազգային արժույթի կտրուկ ամրապնդում մեկ գերիշխող ոլորտից ապրանքների արտահանման սրընթաց աճի հաշվին: Ամենից հաճախ դա վերաբերում է ածխաջրածնային հումքին։ «Հոլանդական հիվանդությունը» հանգեցնում է նրան, որ սկզբում արտարժույթի ներհոսքը նվազեցնում է երկրում գնաճը, սակայն, միաժամանակ, դանդաղեցնում է այլ ճյուղերի զարգացումը եւ խոչընդոտում տնտեսական աճին, ինչն ապագայում հղի է գների կտրուկ աճով։

Այս հասկացությունը հայտնվել է 1977 թվականին Economist ամսագրի հոդվածում, որտեղ նկարագրվում էին 1950-ականների սկզբին հոլանդական Գրոնինգեն նահանգում գազի խոշոր հանքավայրի զարգացման հետեւանքները: Գազի արտահանման կտրուկ ավելացումը բարձրացրեց բնակչության եկամուտների մակարդակը հոլանդական գուլդենի ամրապնդման հաշվին, ավելացավ ներմուծվող ապրանքների պահանջարկը։ Արդյունքում, ազգային արդյունաբերությունն ուժեղ անկում ապրեց օտարերկրյա արտադրողների հետ մրցակցելու անկարողության եւ ֆինանսավորման բացակայության պատճառով (ներդրումներն ուղղվում էին երկրաբանական ուսումնասիրություններին): Երկրում աճեց գործազրկության մակարդակը, նվազեց տնտեսական ներուժը, թուլացավ ազգային արժույթը։ Այժմ Հոլանդիան ինքն է վառելիք գնում, թեեւ 1990-ականներին այն Եվրոպայի ամենախոշոր գազ արտահանողներից մեկն էր։
Դիտում՝ 9255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW