2022-ին ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ

03.02.2023 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #թվային տնտեսություն #ՏՏ
Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել եւ մնում է կարեւորագույն առաջնահերթություններից մեկը։ Ալմաթիում «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ՏՏ ոլորտում ՀՀ շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետեւողականորեն աճում է։

«Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։ Մեզ համար կարեւոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձեւավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման եւ զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ միասնական թվային տարածություն ձեւավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձեւավորման մասին։

«Հատկապես արդիական է համարվում տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը:

Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից եւ ապահովել է մեր երկրների միջեւ քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։

«Կցանկանայի մեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ արդիական թվային գործիքի վրա, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին եւ պետական մարմիններին համագործակցել մեր երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Խոսքն «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին է, որը մշակվել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի գաղափարի իրականացման շրջանակում։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, եւ ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաեւ Հայաստանի ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը»,- ասել է նա:։



Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» եւ «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները եւ այլն։

««Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին եւ ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաեւ հետեւել դիմումի քննարկման եւ պատասխանի ստացման ընթացքին։ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 3821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW