Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «ռեկորդային է» գնահատել երկու երկրների միջեւ փախադարձ առեւտուրը։«Նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առեւտուրը 2021թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առեւտրում։Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում եւ դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին»,- ասել է Միխայիլ Միշուստինը։Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետն առաջարկել է ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր եւ ընդգծել այն ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել՝ խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան եւ թվային տեխնոլոգիաները:Միխայիլ Միշուստինը նշել է, որ հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն ՌԴ շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն խոշոր բիզնեսին, այլեւ փոքր ու միջին ձեռնարկություններին։Միշուստինը նաեւ ասել է, որ Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ «Կարեւոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, գոհունակություն է հայտնել առեւտրատնտեսական հարաբերություններում առկա դինամիկայով՝ միաժամանակ նշելով, որ հաճախ ի հայտ եկող լոգիստիկ խնդիրներին տրվում է օպերատիվ արձագանք եւ կայացվում են որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը: Հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար ճգնաժամին՝ ըդգծելով, որ դա շատ կարեւոր եւ զգայուն հարց է երկկողմ հարաբերություններում:Փաշինյանը նաեւ նշել է, որ փաստացի Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, եւ «մենք, իհարկե, շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքները»: «Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, եւ մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3926