ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: ՊԵԿ-ից հայտնել են, որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել եւ մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ «ՀՀ կառավարությունը կարեւորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Ցանկանում եմ կարեւորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձեւավորվել է տարիների ընթացքում ՊԵԿ իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,-ասել է Ռուստամ Բադասյանը:Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարեւորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջեւ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում:«Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առեւտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաեւ տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ՝ կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ բարելավելու հաջող եւ արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին: Tweet Դիտում՝ 3187