Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ փորձում են առավելագույնս աջակցել, որպեսզի շրջափակման պայմաններում արցախցիների աշխատատեղերը պահպանվեն:«Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-նշել է պետնախարարը:Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունի տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:«Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետեւանքով առավելապես տուժած ոլորտներին եւ նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին եւ անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել»,- ասված է հաղորդագրությունում:Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների եւ կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։ Tweet Դիտում՝ 1875