«Պաշտպանվել» կամ «հարձակվել»․ ներկայացվել են թվային ռուբլու վտանգները բանկերի համար

01.02.2023 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yakov & Partners #թվային ռուբլի #բանկեր
Ռուսաստանում թվային ռուբլու գործարկումը կարող է բանկերի համար հանգեցնել կորուստների, իսկ ռիթեյլերներին՝ ընդհակառակը, տասնյակ միլիարդավոր ռուբլու եկամուտ բերել։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ նման կանխատեսում են արել Yakov & Partners ընկերության (ՌԴ-ում McKinsey-ի նախկին ստորաբաժանում) վերլուծաբանները։

Փորձագետների կարծիքով՝ թվային ռուբլին, որը մշակվում է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) կողմից, կարող է տեղ գրավել ներքին մանրածախ վճարումների շուկայում՝ մասամբ խլելով բանկային քարտերով հաշվարկների մասնաբաժինը։ Թվային ռուբլու հաջող փորձարկումից եւ լայնածավալ ներդրումից հետո 3-5 տարվա հորիզոնում բանկերը կարող են տարեկան կորցնել մինչեւ 50 միլիարդ ռուբլի՝ վճարումների սպասարկման (էքվայրինգի) համար միջնորդավճարների եւ պասիվների ներգրավման համար ծախսերի տեսքով, հետեւում է Yakov & Partners-ի նախնական փորձագիտական գնահատականից։

Թվային ռուբլու ներդրումից ռիթեյլերները կշահեն ամեն դեպքում, կարծում են փորձագետները։ Նոր գործիքով առեւտրային ցանցերը կկարողանան տնտեսել էքվայրինգի վրա եւ ակնթարթորեն ստանալ միջոցներն իրենց հաշիվներին, ի տարբերություն քարտային հաշվարկների, երբ դա կարող է տեւել մինչեւ երեք օր: Սակայն միջբանկային միջնորդավճարների վրա «հարձակման» համար ռիթեյլերներին կարող է օգնել ոչ միայն թվային ռուբլին, այլեւ առկա ենթակառուցվածքը, օրինակ՝ Կենտրոնական բանկի Արագ վճարումների համակարգը, ասված է հետազոտության մեջ: Փորձագետների գնահատմամբ՝ առեւտրային ցանցերը կարող են, ընդհանուր առմամբ, տարեկան առնվազն 80 միլիարդ ռուբլի շահել։

Ըստ հետազոտության՝ սպառողների համար առավելություններն այդքան էլ միանշանակ չեն: Թվային ռուբլու հայեցակարգը չի ենթադրում մնացորդի վրա տոկոսների կուտակում, որն այժմ շատ բանկեր առաջարկում են իրենց հաճախորդներին: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, թվային ռուբլով վճարելու համար սպառողները կզրկվեն նաեւ քեշբեքի հնարավորությունից. բանկերը չեն վճարի այն եկամտի նվազման դեպքում, ասված է հետազոտության մեջ։

Yakov & Partners-ում կարծում են, որ թվային ռուբլին չունի ակնհայտ առավելություններ առօրյա օգտագործման հարմարավետության տեսանկյունից, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ էքվայրինգի արժեքի նվազումը չի հանգեցնում գների իջեցման կամ դրանց աճի դանդաղեցման, այլ միայն նպաստում է ռիթեյլերների շահույթի ավելացմանը: Ներկայում ընկերության վերլուծաբանները չեն ակնկալում, որ թվային ռուբլին կզբաղեցնի մանրածախ վճարումների ծավալի հիմնական մասը։

Նշվում է, որ սպառնալիքի դեպքում բանկերը կարող են գնալ երկու ճանապարհով։ Առաջինը՝ «պաշտպանվել». հաճախորդներին համոզել քարտերով վճարումների առավելությունների մասին (դա քեշբեքն է կամ տոկոսները մնացորդի վրա):

Երկրորդը՝ «հարձակվել»․ առաջ մղել թվային ռուբլու օգտագործմամբ պրոդուկտները եւ գումար վաստակել արդեն դրանց վրա (օրինակ՝ սպասարկել պետական նպատակային ծախսերը՝ կենսաթոշակներ, մայրության կապիտալ եւ այլն): Եթե բանկերից ոչ մեկը չձեռնարկի այս մարտավարությունը, ապա թվային ռուբլու ներդրումը կձգձգվի, եւ բանկերը համեմատաբար դանդաղ կորուստներ կկրեն։ Բայց եթե այս ոլորտում հայտնվի մեկ առաջատար, ապա կստանա անհամաչափ բարձր եկամուտ, իսկ մյուս բանկերը վնասներ կունենան, կանխատեսել են վերլուծաբանները։
Դիտում՝ 5623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW