Ռուսաստանի եւ Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ ֆինանսական եւ բանկային գործարքների դյուրացման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Twitter-ում հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը։«Ուղիղ կապ է հաստատվել իրանական եւ ռուսաստանյան բանկերի միջեւ։ Ռուսաստանի եւ Իրանի կենտրոնական բանկերի միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը, բացի Ռուսաստանի բանկերի հետ ուղիղ կապ հաստատելուց, նախատեսում է նաեւ, որ մեր երկիրն ուղղակիորեն կապված կլինի արտասահմանյան 106 բանկի հետ։ Իրանի եւ մնացած աշխարհի միջեւ ֆինանսական կապուղիները վերականգնվում են»,- գրել է Ֆարզինը։Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը չի մանրամասնել, թե արտասահմանյան որ բանկերի հետ է Իսլամական հանրապետությունը նախատեսում կապ հաստատել։ISNA գործակալությունը տեղեկացրել է, որ ՌԴ-ի կողմից փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) Կենտրոնական դաշնային շրջանի Գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Գրիդչինը։«Այս համաձայնագրի ամենամեծ առավելությունն այն է, որ դրա վրա չեն կարողանա ազդել արեւմտյան պատժամիջոցները»,- ասել է Գրիդչինը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ դրամական փոխանցումների դյուրացումը նախատեսող համաձայնագիրը կնպաստի բիզնեսի զարգացմանը Ռուսաստանում եւ Իրանում։Նշենք, որ Մոհամմադ Ռեզա Ֆարզինն Իրանի Կենտրոնական բանկի նոր նախագահ էր նշանակվել անցած տարվա վերջին, երբ կառավարությունն ընդունել է իր նախորդի՝ Ալի Սալեհաբադիի հրաժարականը, ով Իրանի Կենտրոնական բանկի ամենաերիտասարդ ղեկավարն էր։ 20.10.2022 | 14:34 Իրանի ԿԲ-ն ներկայացրել է հարեւան երկրների հետ աշխատելու առաջնահերթությունը Անցած տարվա հոկտեմբերին Fars գործակալությանը տված հարցազրույցում Սալեհաբադին հայտարարել էր, որ Իրանի Կենտրոնական բանկն իր առաջնահերթություններից է համարում հարեւան երկրների հետ գործընկերային հարաբերությունների զարգացումն ի շնորհիվ այնպիսի արժութային եւ ֆինանսական փոխանակման մեխանիզմների մշակման, որոնք երաշխավորում են պատժամիջոցների բացասական ազդեցությունից։«Հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Մեզ համար կարեւոր է բանկային կապերի հաստատումը հարեւան պետությունների հետ, որոնց ուղղությամբ ակտիվորեն զարգանում են շահավետ առեւտրային պայմանագրերը։ Մենք դա կզարգացնենք առաջնահերթության կարգով՝ օգտագործելով այնպիսի մեխանիզմներ, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, եւ դա Կենտրոնական բանկի աշխատանքի կարեւոր ուղղություններից է»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 4772