Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանը կուղղվի €18,5 միլիոն

27.01.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեղրիի անցակետ #արդիականացում
Պետական եկամուտների կոմիտեի եւ «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջեւ հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ €18 միլիոն 495 հազար արժեքով:

«Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company) հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման եւ վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

«Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,-ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Շինարարական ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կձեւավորվի արդյունավետ համագործակցություն:

ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին բարձր է գնահատել ՊԵԿ-ի հետ փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն սպասված արդյունքներ:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:
Դիտում՝ 3001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW