Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 14 տարվա գործունեությունը

24.01.2023 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: 2023թ. հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասնչորս տարին:

Ստորեւ ներկայացվում է 2022թ. ընթացքում Գրասենյակի կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաեւ Գրասենյակ ներկայացված բողոքների եւ քննված պահանջների վիճակագրությունը։

2022թ. Գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները

«Սպառողների ֆինանսական կրթության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի շրջանակում միջոցառումների կազմակերպում

- Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում. իրականացվել է ՀՀ մարզերի 25 դպրոցների 9-11-րդ դասարանների 1050 աշակերտների եւ 75 ուսուցիչների համար։ Անցկացվել է սեմինար, կազմակերպվել է այց ՀՀ կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոն», հյուրասիրություն եւ այցելություն Մատենադարան։

- Ֆինանսական ճամբար. իրականացվել է ՀՀ 9 մարզերում 10 անգամ՝ 15-18 տարեկան 306 աշակերտների համար։ Եռօրյա ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցել են սեմինարների, խաղացել  տրամաբանական եւ ֆինանսական խաղեր, կատարել թիմային առաջադրանքներ։

- Հաշտ ճամբար. իրականացվել է 6 անգամ՝ 11-13 տարեկան սոցիալապես անապահով երեխաների համար։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ գործընկեր կառույցները, որոնք նպաստել են, որ ծրագիրն առավել հետաքրքիր եւ հիշարժան լինի երեխաների համար։

- Սեմինարներ աշակերտների եւ ուսանողների համար. իրականացվել է ՀՀ դպրոցների, ինչպես նաեւ քոլեջների եւ համալսարանների 216 աշակերտների եւ ուսանողների համար։

- Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին. միջոցառումն իրականացվել է ՀՀ 9 մարզերում 10 անգամ՝ ներգրավելով 288 մասնակիցների։

Նշված միջոցառումների մասնակիցները ստացել են տեղեկատվություն Հաշտարարի գրասենյակի եւ ֆինանսական ծառայությունների մասին, ինչպես նաեւ ծանոթացել Հաշտարարի կողմից քննված գործերին։

- Դատախաղ. միջոցառումն իրականացվել է ապահովագրական իրավունքի թեմայով՝ ներգրավելով ավելի, քան 30 ուսանողների։ Նրանց կողմից ներկայացվել են գրավոր աշխատանքներ եւ անցկացվել են բանավոր լսումներ, որոնց ընթացքում հնչեցված դիրքորոշումները գնահատվել են հաշտարարների՝ որակավորված իրավաբանների կողմից։

- Մասնակցություն գործընկեր կառույցների միջոցառումներին. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ակտիվորեն մասնակցում է գործընկեր կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին։ 2022թ. անցկացվել են սեմինարներ ավելի, քան 605 մասնակիցների համար։

- Պրակտիկանտների ներգրավում. կազմակերպվել է հատուկ պրակտիկա իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար, որի ընթացքում ուսանողները ստացել են տեսական եւ գործնական գիտելիքներ Հաշտարարի գործունեության եւ ֆինանսական համակարգի մասին, ծանոթացել ոլորտը կարգավորող իրավական ակտերին եւ դրանց պրակտիկ կիրառման հմտություններին։

- Տեղեկատվական հոլովակների պատրաստում. Հաշտարարի գրասենյակի կողմից նկարահանվել են հոլովակներ Գրասենյակի գործունեության, պահանջի քննության ընթացակարգի եւ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։

Լուսաբանման աշխատանքների իրականացում

Գրասենյակն ակտիվ գործունեություն է ծավալել սոցիալական մեդիայում, պայմանագրեր են կնքվել մի շարք ընկերությունների հետ՝ տեղեկատվական հոլովակները հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով։

Նոր կայքէջի գործարկում

2022թ. գործարկվել է նոր կայքէջ, որը հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալ Գրասենյակի գործունեությանը, պահանջների քննության գործընթացին, վիճակագրությանը, իրականացվող միջոցառումներին, ներկայացնել իրենց պահանջը առցանց եղանակով եւ հետեւել դրա քննության ընթացքին։

Համագործակցություն ֆինանսական կազմակերպությունների հետ

Ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման, փորձի փոխանակման եւ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի մշակման նպատակով Հաշտարարի գրասենյակը կլոր-սեղան հանդիպումներ է կազմակերպել ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների այն աշխատակիցների հետ, ովքեր պատասխանատու են Գրասենյակի հետ հարաբերությունների համար:

Միջազգային համագործակցություն

- Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը մասնակցել է INFO 2022 տարեկան վեհաժողովին, որն անցկացվել  է առցանց եղանակով։

- Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որպես խոսնակ մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած 10-րդ Պետերբուրգյան իրավաբանական ֆորումին։

- Ֆինանսական համակարգի հաշտարարը, որպես խոսնակ մասնակցել է Բուդապեշտում տեղի է ունեցած վեճերի այլընտրանքային լուծմանը նվիրված 5-րդ միջազգային կոնֆերանսին։

- Գրասենյակը մասնակցություն է ունեցել Վիեննայում տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտությունն ու ճկունությունը տնտեսական մարտահրավերների պայմաններում» խորագրով եւ Վարշավայում տեղի ունեցած «Հաշտարարության օրեր» խորագրով միջազգային կոնֆերանսներին։

- 2022թ. ՌԴ Ֆինանսական ծառայությունների սպառողների գլխավոր լիազորի նախաձեռնությամբ ստեղծվել է ԵԱՏՄ երկրների Ֆինանսական Օմբուդսմենների խորհրդատվական կոմիտե, որին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հաշտարարի գրասենյակը:

Գրասենյակի ձեռքբերումները

- Գրասենյակի կողմից իրականացվող իրազեկման եւ լուսաբանման աշխատանքների արդյունքում սպառողների ֆինանսական գրագիտության եւ Գրասենյակի նկատմամբ վստահության մակարդակի աճ:

- Իրականցված հարցումների արդյունքում հաճախորդների կողմից Գրասենյակի գործունեության բարձր գնահատական, մասնավորապես՝

            - Հարցվողների 65%-ը նշել է, որ պատրաստ է խորհուրդ տալ իր ծանոթներին եւ ընկերներին օգտվել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններից։
            - Հարցվողների կողմից Գրասենյակի բնութագրիչներն են՝ դրական վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը եւ օգնելու պատրաստակամությունը։   

Գրասենյակ ներկայացված բողոքների եւ քննված պահանջների մասին վիճակագրություն

2022թ. Գրասենյակ է ներկայացվել 15,818 բողոք, որոնցից 13,978-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի աշխատակիցների օգնությամբ ֆինանսական կազմակերպություններին ուղղված բողոքներից 199-ը բավարարվել են մինչեւ Գրասենյակում քննության ընդունվելը։ Գրասենյակի կողմից 2022թ. քննության է ընդունվել 5,837 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 68,69%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 5,837 պահանջներից 296-ը 23.01.2023թ. դրությամբ դեռեւս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 92.49%-ը լուծվել է կողմերի միջեւ հաշտությամբ: 2022թ. քննության ընդունված 5,837 պահանջներից 5541-ի շրջանակում (23.01.2023թ. դրությամբ փակված գործերի թվաքանակն է) Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին հատուցվել է ավելի, քան 341 մլն ՀՀ դրամ: Պահանջի քննության միջին տեւողությունը կազմել է 34 օր, ինչն էականորեն նվազել է նախորդ տարիների համեմատ։
Դիտում՝ 4594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW