Oxfam. Յուրաքանչյուր միլիարդատեր քաղաքական ձախողում է

16.01.2023 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Oxfam #զեկույց
2020 թվականից ի վեր աշխարհում նոր կուտակված անձնական հարստության երկու երրորդը (63%) բաժին է հասնում աշխարհի բնակչության ընդամենը 1%-ին։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական եւ մարդասիրական կազմակերպության զեկույցում՝ նվիրված Դավոսի ֆորումի բացմանը:

Ըստ հետազոտողների՝ ընդհանուր առմամբ, $26 տրիլիոնը, որը կուտակվել էր 2020 թվականից ի վեր՝ COVID-19-ի եւ կյանքի արժեքի թանկացման ժամանակ, հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի ձեռքում, մինչդեռ բնակչության մնացած 99%-ին բաժին է հասել ընդամենը $16 տրիլիոն կամ այդ աճի 37%-ը։

2022 թվականին պարենի եւ էներգակիրների թանկացումը նպաստել է աշխարհի ամենահարուստ մարդկանց կապիտալի աճին, ասված է զեկույցում։ Oxfam-ի հաշվարկներով՝ պարենային եւ էներգետիկ ոլորտներում աշխատող 95 կորպորացիաներ անցած տարի ավելի քան կրկնապատկել են իրենց շահույթը եւ $257 միլիարդ վճարել իրենց բաժնետերերին: Նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ամեն օր ավելանում է $2,7 միլիարդ։

Այս ֆոնին «սովորական մարդիկ ամեն օր խնայում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, ներառյալ՝ սնունդը», 800 միլիոն մարդ ամեն օր քաղցած է քնում, եւ առնվազն 1,7 միլիարդ աշխատող մարդկանց մոտ ամբողջ աշխարհում աշխատավարձը չի հասցնում աճող գնաճի հետեւից, ինչի հետեւանքով տուժում է  սնունդ գնելու եւ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու նրանց հնարավորությունը։

Աշխարհում աղքատության մակարդակը 25 տարվա մեջ առաջին անգամ աճել է, նշում են հետազոտողները։ «Ամենաաղքատ երկրները չորս անգամ ավելի շատ են ծախսում պարտքերի մարման՝ հաճախ գիշատիչ, հարուստ, մասնավոր վարկատուներին, քան առողջապահության վրա»,- ասված է Oxfam-ի զեկույցում: Կազմակերպության գնահատմամբ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետությունների երեք քառորդը մտադիր է կրճատել ծախսերը, ընդհանուր առմամբ, կրճատումների ծավալը կկազմի $7,8 տրիլիոն:

Անհավասարության դեմ պայքարելու համար Oxfam-ն առաջարկում է գերհարուստների հարկման համակարգված, լայնածավալ ավելացում: Կազմակերպության տվյալներով՝ այժմ յուրաքանչյուր դոլարի հարկային մուտքերի ուղղությամբ հարստության հարկին բաժին է հասնում միայն 4 ցենտ։ «Հարստությունը հարկելու անկարողությունն առավել ընդգծված է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում»,- նշում են հետազոտողները: Միաժամանակ, աշխարհի երկրների երկու երրորդը չի պահանջում ժառանգության եւ միլիարդատերերի ժառանգներին փոխանցվող ակտիվների համար հարկեր։ Այդպիսի երկրներում ապրում է միլիարդատերերի կեսը. փաստորեն, միլիարդատերերն իրենց երեխաներին կփոխանցեն $5 տրիլիոն` առանց հարկեր վճարելու, այդ թիվը հավասար է Աֆրիկայի ՀՆԱ-ին, նշում է Oxfam-ը։

«Յուրաքանչյուր միլիարդատեր քաղաքական ձախողում է. հարստության ծայրահեղ կենտրոնացումը խաթարում է տնտեսական աճը, կոռումպացնում է քաղաքականությունը եւ լրատվամիջոցները, քայքայում է ժողովրդավարությունը եւ նպաստում քաղաքական բեւեռացմանը»,- ասված է զեկույցում:

Հետազոտողները նաեւ հայտարարել են, որ կլիմայի վատթարացման հարցում ամենամեծ ներդրումն ունեն գերհարուստները. «միլիարդատերն իր ներդրումների միջոցով միլիոնավոր անգամ ավելի շատ ածխածին է արտանետում մթնոլորտ, քան միջին մարդը, եւ միլիարդատերն երկու անգամ ավելի հաճախ, քան միջին ներդրողը, ներդրումներ է կատարում շրջակա միջավայրը աղտոտող այնպիսի ոլորում, ինչպիսին է հանածո վառելիքը»:

Oxfam-ի կարծիքով՝ միլիարդատերերի եւ մուլտիմիլիոնատերերի հարստության վրա 5% հավելյալ հարկի սահմանումը 2 միլիարդ մարդու դուրս կհանի աղքատությունից, ինչպես նաեւ կֆինանսավորի «սովին վերջ տալու գլոբալ ծրագիրը»:
Դիտում՝ 2892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW