Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղամիջոցների համար սահմանել է գնային շեմ՝ դեղագործական ընկերություններին արգելելով դեղերի վաճառքը դրանից բարձր գնով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։Գերատեսչության փոխանցմամբ՝ մեծածախ եւ մանրածախ ցանցերը մինչեւ հունվարի 31-ը պետք է վերանայեն դեղամիջոցների եղած գները եւ համապատասխանեցնեն դրանք նոր կանոններին, իսկ արդեն փետրվարի 15-ից դեղերը պետք է վաճառվեն սահմանված գնից ոչ ավելի։ Առողջապահության նախարարության ղեկավարի առանձին հրամանով հաստատվել են դեղերի ցանկը եւ դրանց առավելագույն գները։Առաջին փուլում նոր գները կսահմանվեն քրոնիկական հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերի (ավելի քան հազար անվանում) համար, հետագայում նոր կանոնը կտարածվի նաեւ այլ խմբերի դեղամիջոցների վրա։Իշխանություններն ակնկալում են, որ գնային առաստաղի գործարկումը միջինում 40%-ով կնվազեցնի դեղամիջոցների արժեքը։Դեղամիջոցների համար գնային շեմ սահմանելու գաղափարը պատկանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Բարեփոխման նպատակն է բարձրացնել հասանելիությունը որակյալ դեղամիջոցներին, ապահովել արդար գներ, մրցունակ եւ թափանցիկ դեղագործական շուկա։«2022 թվականի մարտից վարչապետի նախաձեռնությամբ վրացական շուկա սկսեցին ներթափանցել թուրքական դեղամիջոցներ, որոնք, ըստ իշխանությունների, դեղերի գները նվազեցրին միջինում 60-80%-ով։ Արդյունքում, Վրաստանում մինչեւ 100 հազար բնակիչ դեղերի վրա 200 միլիոն լարիով (մոտ $75 միլիոնով) ավելի քիչ է ծախսում»,- գրում է ՏԱՍՍ-ը։ Tweet Դիտում՝ 5828