2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների եւ հետեւանքների հաղթահարման տարի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Երեւանում անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի:«Հետեւողական ջանքերի շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ եւ բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։ Միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր եւ միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանը եւ համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով՝ 2020 եւ 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազել են փոխադարձ առեւտրի ցուցանիշները, սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առեւտրաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով $759 մլն։ «Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, եւ ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարեւոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր եւ ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է $481.7 մլն, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է: Սա նշանակում է՝այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաեւ գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաեւ մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:Նա համոզվածություն է հայտնել, որ հետագա տարիներին եւս արտաքին առեւտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի:«Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաեւ մեր փոխգործակցությունը եւ լավ հարաբերությունները շատ կարեւոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։ Երկկողմ համագործակցության շրջանակում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արեւելք-Արեւմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում»,- նշել է նա:Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաեւ էներգառեսուրսների, կապի եւ հեռահաղորդակցության հուսալի եւ անվտանգ մատակարարման առումով: «2022 թվականին Հայաստանի Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 5062