WEF-ը ներկայացրել է աշխարհին սպառնացող ռիսկերը

12.01.2023 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային տնտեսական ֆորում #ռիսկեր զեկույց
Կյանքի արժեքի ավելացումը գլխավոր գլոբալ ռիսկն է առաջիկա երկու տարիների համար, ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ռիսկերին վերաբերող ավանդական զեկույցում, որը հրապարակվում է Դավոսի ֆորումից առաջ։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ զեկույցը կազմվել է ավելի քան 1200 փորձագետների, տնտեսագետների եւ բիզնեսի ներկայացուցիչների հարցումների արդյունքում։

Կարճաժամկետ կտրվածքով ռիսկերի ցանկում երկրորդ տեղում են բնական աղետներն ու եղանակային էքստրեմալ երեւույթները, երրորդում՝ աշխարհատնտեսական առճակատումը։

Դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության համաձայնեցման բացակայությունը կավելացնի իրացվելիության հետ կապված ցնցումների հավանականությունը, ինչը կնշանակի երկարատեւ տնտեսական անկում եւ համաշխարհային մակարդակով պարտքային խնդիրներ, ասված է զեկույցում։ Նշվում է, որ սահմանափակ մատակարարումների հետ կապված գնաճը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի (գնաճի, տնտեսական լճացման եւ գործազրկության աճի համակցություն), որի սոցիալ-տնտեսական հետեւանքները կարող են ծանր լինել։

Հիմնական տոկոսադրույքների բարձրացումը լուրջ հետեւանքներ կունենա կառավարությունների, բիզնեսի եւ հասարակ մարդկանց համար, կարծում են WEF-ի կողմից հարցված փորձագետները: Ամենից շատ կտուժեն հասարակության ամենախոցելի հատվածները եւ թույլ պետությունները, ինչը կհանգեցնի աղքատության ավելացման, սովի, բռնի ուժի կիրառմամբ բողոքի ցույցերի, քաղաքական անկայունության եւ նույնիսկ պետությունների փլուզման:

Երկարաժամկետ հեռանկարում (առաջիկա տասը տարում) ռիսկերի մասով գերակշռում են կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքները: Սոցիալական ռիսկերի թվում հարցման մասնակիցները երկարաժամկետ կտրվածքով նշել են լայնածավալ հարկադիր միգրացիան եւ «սոցիալական համախմբվածության էրոզիան ու հասարակության բեւեռացումը»: Միգրացիայի հետ կապված մտահոգություններն առաջին անգամ են ընդգրկվել թոփ 10-ը ռիսկերի ցանկում, ինչպես եւ «կիբեռհանցագործության լայն տարածման ու կիբեռանվտանգության բացակայության» սպառնալիքները:

Եթե կառավարությունները չկարողանան կառավարել ընթացիկ ճգնաժամը, նրանք կկանգնեն «սոցիալական լարվածության աննախադեպ մակարդակի» ռիսկի առջեւ, քանի որ կդադարեն ներդրումները առողջապահության, կրթության եւ տնտեսական զարգացման ոլորտներում, ինչն էլ ավելի կխաթարի սոցիալական համախմբվածությունը, ասված է զեկույցում:
Դիտում՝ 8336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW