Դավոսում կքննարկեն համագործակցությունը «մասնատված աշխարհում»
11.01.2023 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudfront.net

Ֆորումին կմասնակցեն 52 երկրի նախագահներ եւ վարչապետներ, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան, Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը եւ այլք։ Ֆորումի մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Նշվում է, որ այս տարի Դավոսում բիզնեսի մասնակցությունը պատմության մեջ ամենաբարձրն է լինելու. 700 կազմակերպությունում գրանցված ավելի քան 1500 ղեկավար, այդ թվում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի անդամների եւ գործընկերների կազմից աշխարհի ավելի քան 600 առաջատար ղեկավար կներկայացնի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆինանսները, էներգետիկան, ենթակառուցվածքները, տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաները։
Դավոսի 53-րդ տարեկան հանդիպման թեման է «Համագործակցությունը մասնատված աշխարհում»։ «Բազմաթիվ ճգնաժամեր խորացնում են տարաձայնությունները եւ մասնատում աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Առաջնորդները պետք է բավարարեն մարդկանց հրատապ եւ անհետաձգելի կարիքները, ինչպես նաեւ մինչեւ տասնամյակի ավարտը հիմք դնեն ավելի կայուն աշխարհի համար»,- ասված է ֆորումի կազմակերպիչների հայտարարության մեջ:
«Մենք տեսնում ենք բազմաթիվ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուժեր, որոնք տարանջատումներ են ստեղծում գլոբալ եւ ազգային մակարդակներում: Վստահության այս էրոզիայի հիմնական պատճառները վերացնելու համար մենք պետք է ամրապնդենք համագործակցությունը կառավարությունների եւ գործարար շրջանակների միջեւ՝ պայմաններ ստեղծելով ուժեղ եւ կայուն վերականգնման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է ընդունել, որ տնտեսական զարգացումը պետք է դարձնել ավելի կայուն, եւ ոչ ոք չպետք է հետ մնա»,- նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբի ուղերձում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: