ԱՄՀ. Դաշնային պահուստային համակարգին վաղ է հաղթանակ տոնել

05.01.2023 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Գիտա Գոպինաթ #FRS
ԱՄՆ-ում բարձր գնաճի խնդիրը դեռ լուծված չէ, եւ, չնայած սպառողական գների աճի դանդաղմանը, Դաշնային պահուստային համակարգին (FRS) վաղ է հաղթանակ տոնել:

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը:

«Եթե նայեք աշխատաշուկայի ցուցիչներին կամ գնաճի կայուն բաղադրիչներին, ներառյալ՝ գները ծառայությունների ոլորտում, ապա պարզ է դառնում, որ բարձր գնաճի խնդիրը դեռ լուծված չէ»,- ասել է Գոպինաթը՝ ընդգծելով, որ ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս FRS-ին «պահպանել իր ուղին» քաղաքականության խստացման առումով։

Նրա փոխանցմամբ՝ չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ կենտրոնական բանկը պահպանի «սահմանափակող դրամավարկային քաղաքականությունը», քանի դեռ չի հասել «գնաճի վճռական եւ կայուն դանդաղեցման», որը կարտացոլվի աշխատավարձերում, ինչպես նաեւ պարենային ապրանքների եւ էներգակիրների ոլորտներից դուրս հատվածներում:

Գոպինաթը գտնում է, որ FRS-ը պետք է բարձրացնի տոկոսադրույքը մինչեւ 5% եւ պահի այն նշված մակարդակում ընթացիկ տարվա ողջ ընթացքում: Ի տարբերություն մի շարք այլ տնտեսագետների, նա կարծում է, որ ԱՄՆ-ում դրամավարկային քաղաքականության խստացումը չափազանցված չէ։



Խոսելով Չինաստանում ստեղծված իրավիճակի մասին՝ Գոպինաթը նշել է, որ այդ երկրի տնտեսությունը մոտ ապագայում լուրջ դժվարություններ կունենա՝ կապված COVID-19-ի դեպքերի աճի հետ, ինչը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսական աճի վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Չինաստանում պահանջարկը կսկսի վերականգնվել այս տարվա ավարտին:

ԱՄՀ-ն այս ամիս կհրապարակի իր նոր կանխատեսումները համաշխարհային տնտեսության համար։ Անցած տարվա հոկտեմբերին հիմնադրամը կանխատեսել էր, որ 2023 թվականին Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կաճի 1%-ով, Եվրոգոտունը՝ 0,5%-ով, Չինաստանինը՝ 4,4%-ով։

Գոպինաթի խոսքով՝ ԱՄՆ-ն այս տարի ռեցեսիայից խուսափելու բավականին փոքր հնարավորություն ունի: Նա նաեւ ակնկալում է, որ Եվրոգոտում դրամավարկային խստացումն ավելի երկար կտեւի, քան ԱՄՆ-ում, քանի որ կարգավորիչները ստիպված են պայքարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի հետեւանքների հետ:
Դիտում՝ 14424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW