Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թ. մարտի 16-ին ստորագրված եւ փոփոխված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 նամակի ստորագրման առաջարկությանը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքվել է €10 միլիոնի ֆինանսական պայմանագիր: Ծրագրի իրականացման գործընթացով պայմանավորված՝ ֆինանսական պայմանագրի վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել է մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31-ը: Նշվում է, որ ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչեւ 1050 ՄՎտ-ի: Ծրագրի նպատակն է նաեւ ապահովել Վրաստանի եւ Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքը` նպատակ ունենալով բոլոր երեք երկրի էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ փոխշահավետ համագործակցության զարգացումը: Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: Tweet Դիտում՝ 8019