Մարտունու Վ․ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանն ամբողջությամբ կանցնի արեւային էներգետիկայի՝ ապահովվելով մշտական տաք ջրով եւ էլեկտրաէներգիայով։ Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արեւածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը. ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արեւածագին հատկացված 7.4 միլիոն դրամը կուղղվի Մարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արեւայնացմանը։ Telcell ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարեւորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։ Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանն ասել է, որ իրենց գործընկերների հետ միասին որոշել են ներդրում ունենալ Արցախի երիտասարդների մասնագիտական զարգացման գործում։ «Էներգետիկ անկախությունը ներկայում կարեւորագույն առաջնահերթություններից է Արցախի համար։ «Արեւածագ Արցախում» նախագիծը կենսական հարց է լուծում․ արեւային վահանակների եւ ջրատաքացուցիչների շնորհիվ Մարտունու արհեստագործական ուսումնարանը կապահովվի էլեկտրաէներգիայով եւ տաք ջրով․ դա կնպաստի կրթօջախի բնականոն գործունեությանը»,-ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանը:Ուսումնարանում 2023-ի տարեսկզբին կտեղադրվի հիբրիդային ֆոտովոլտային կայան եւ 2 արեւային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ կրթարանը կունենա մշտական անվճար տաք ջուր եւ էլեկտրաէներգիա։ «Մեզ համար գնահատելի է, որ խոշոր ընկերությունները գիտակցում են ռազմավարական նշանակության այս ծրագրի կարեւորությունը։ Telcell-ն այս իմաստով եղավ առաջամարտիկ՝ ցուցաբերելով կորպորատիվ ազգային պատասխանատվության օրինակելի վարքագիծ»,-ասել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։«Կրթությունն ազգի առաջընթացի, զարգացման առաջին նախապայմանն է, դրան նպաստելը՝ պարտավորություն ու պատասխանատվություն։ Shtigen Group-ի հետ համագործակցությունն այս նախագծի շրջանակում շարունակական բնույթ է կրելու․ զարգացման վեկտորները շատ են, եւ մենք պատրաստվում ենք ընդլայնել աջակցության հորիզոնները»,- նշել է Համբարձում Դանելյանը: Ուսումնարանում սովորում է շուրջ 120 պատանի ոչ միայն Մարտունի քաղաքից, այլեւ մերձակա համայնքներից: 3-ամյա կրթությունը մասնագիտական 7 ուղղություններով է՝ «վարսավիրական արվեստ եւ զարդարային դիմահարդարում», «կարի արտադրության տեխնոլոգիա», «հարդարման եւ շինարարական աշխատանքների իրականացում», «հասարակական սնունդ», «տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում», «գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» եւ «մեքենաների ու մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում»: Արեւային սարքերը տարեկան կխնայեն մոտ մեկ միլիոն դրամ, որով ուսումնարանը կհոգա իր` հատկապես պատերազմից հետո ավելացած կարիքները։ TelCell-ը «Արեւածագ Արցախում»-ին միացել էր դեռ ամիսներ առաջ՝ հնարավորություն ստեղծելով նախագծին նվիրատվություններ կատարել նաեւ Telcell տերմինալներով եւ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։ «Արեւածագ Արցախում» նախագծի նպատակն է արեւային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ Tweet Դիտում՝ 10327