Christie`s եւ Sotheby`s աճուրդի տներն այս տարի ռեկորդային արդյունքներ են գրանցել

20.12.2022 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Christie`s #Sotheby`s #աճուրդի տուն
Christie`s աճուրդի տունը հայտարարել է այս տարի գրանցած ռեկորդային արդյունքների մասին:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը, աճուրդի տան վաճառքները կազմել են $8,4 միլիարդ՝ 17%-ով ավելի, քան 2021-ին. սա «ամենաբարձր տարեկան ցուցանիշն է արվեստի ստեղծագործությունների շուկայի պատմության մեջ»։

Աճուրդները Christie`s-ին բերել են $7,2 միլիարդ, եւս $1,2 միլիարդ ընկերությունը վաստակել է փակ վաճառքներից: Մեկնաբանելով աճուրդի տան արդյունքները՝ ընկերության գլխավոր տնօրեն Գիյոմ Չերուտին նշել է, որ, չնայած «բարդ մակրոտնտեսական պայմաններին», նրանց հաջողվել է ռեկորդային ցուցանիշի հասնել, այդ թվում՝ շնորհիվ «արվեստի գործերի եւ շքեղության շուկաների ճկունության, ինչպես նաեւ հիանալի հաջողության՝ կապված մի քանի խոշոր հավաքածուների վաճառքի հետ»։

Նման հավաքածուներից է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի հավաքածուն: Նա մահացել է 2018 թվականին, սակայն իր վախճանից շատ առաջ կտակել էր իր մեծածավալ հավաքածուի վաճառքից ստացված հասույթը տրամադրել բարեգործական նպատակներին:

Հավաքածուն վաճառվել էր $1,62 միլիարդով՝ դառնալով Christie's-ի կողմից երբեւէ վաճառված ամենաթանկ հավաքածուն։ Միաժամանակ, դրանից արվեստի հինգ ստեղծագործություն, այդ թվում՝ Սեզանի, Վան Գոգի եւ Գոգենի գործերը, վաճառվել են յուրաքանչյուրն ավելի քան $100 միլիոնով։

Ինչպես հետեւում է Christie's-ի հաշվետվությունից, այս տարի վաճառքների ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից գնորդներին՝ 40% (35%՝ մեկ տարի առաջ): Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից գնորդների մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ չի փոխվել եւ կազմել է 34%: Սակայն Ասիայից գնորդների մասնաբաժինը նկատելիորեն նվազել է՝ 31%-ից մինչեւ 26%։

Sotheby`s աճուրդի տունն այս տարի նույնպես ակնկալում է ռեկորդային վաճառքներ։

Sotheby`s-ը դեռեւս չի հրապարակել իր ամփոփիչ հաշվետվությունը։ Այնուամենայնիվ, անցած շաբաթ վերջինս հայտնել էր, որ մինչեւ դեկտեմբերի 14-ն իր վաճառքները կազմել են $6,4 միլիարդ, եւ քանի որ ընկերությունը մինչեւ տարեվերջ դեռ ունի մոտ 30 աճուրդ, ակնկալվում է, որ վաճառքների ընդհանուր ծավալը կհասնի $8 միլիարդի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Sotheby`s-ի 278-ամյա ողջ պատմության ընթացքում։
Դիտում՝ 8096
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW