Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր: ԱՆԻՖ-ից հայտնել են, որ «Բերրիմաունթ» (Berrymount) համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով։ Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին եւ արդեն ունի երկու ջերմոց՝ ընդհանուր 6 հեկտար տարածքով։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի երրորդ ջերմոցը։ Ընկերությունն իր արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանում է։ Ջերմոցների սարքավորումները մատակարարվում են ֆրանսիական «Րիշել» ընկերության կողմից, որը ոլորտի առաջատարներից է։ Ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով՝ առանց պեստիցիդների եւ քիմիական մշակման։ԱՆԻՖ-ի ներդրման արդյունքում կառուցվելիք նոր ջերմոցը նախատեսում է կրկնակի ավելացնել ընկերության արտահանումը։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումը կազմում է 960 մլն ՀՀ դրամ։ «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանն ասել է.««Բերրիմաունթ» ընկերությունում մեր համատեղ ներդրումը շուկայում արդեն կայացած ընկերության հետ հնարավորություն է ընձեռում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալի մեծացման ու շուկայի ընդլայնման համար։ Մեզ համար հատկապես կարեւոր է, որ ընկերությունը, որի հետ իրականացնում ենք ծրագիրը, ոլորտում ունի տարիների հաջողակ փորձ»։ Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոյի խոսքով՝ ԱՆԻՖ-ի ներդրումը կօգնի ընկերությանը իրագործել ընկերության ընդլայնման ռազմավարությունը։ «Մենք այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ թե որպես պետական աջակցություն բիզնեսին, այլ որպես համատեղ արդյունավետ եւ շահավետ բիզնես ներդրում թե՛ մեր ընկերության, թե՛ ԱՆԻՖ-ի համար։ Որակյալ գյուղմթերքի պահանջարկն աճում է եւ Հայաստանի մրցունակությունն այս ոլորտում աճի մեծ պոտեցիալ ունի»,-ասել է նա:Ջերմոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023թ. օգոստոսին։ Tweet Դիտում՝ 19701