Մակրոն. Մենք պետք է արագ եւ ուժեղ եվրոպական պատասխան տանք ԱՄՆ օրենքին
15.12.2022 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

«Մենք պետք է արագ եւ ուժեղ եվրոպական պատասխան տանք ամերիկյան օրենքին: Մենք ձգտում ենք հասնել մի շարք բացառությունների, բայց, միաժամանակ, պետք է քայլեր ձեռնարկենք մրցունակ մնալու եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական նախագծերը պաշտպանելու համար: Մենք պետք է ավելի արագ առաջ շարժվենք»,- ասել է նա:
Մակրոնն ընդգծել է, որ «մեծ համառությամբ է բարձրացրել ամերիկյան օրենսդրության մասին այս հարցը դեկտեմբերի սկզբին ԱՄՆ կատարած այցի ժամանակ»։
«Մենք պետք է հնարավորինս շատ միջոցներ մոբիլիզացնենք մեր պատասխանը ֆինանսավորելու համար ոչ միայն ազգային, այլեւ եվրոպական մակարդակով: Եվրոպան չպետք է թույլ տա իր պառակտումը»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Բրյուսելում այսօր հրավիրված գագաթնաժողովի քննարկման թեմաներից մեկը կդառնա պատասխանը Գնաճի նվազեցման ակտին։ Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը նշել է ԵՄ-ի պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունների համար։ «Մենք ունենք քաղաքական եւ մակրոտնտեսական գործիքներ, սակայն այս աշխատանքը պետք է արագացնել»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Ամռանն ԱՄՆ-ում ընդունած Գնաճի նվազեցման ակտը սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրամոբիլների, մարտկոցների եւ էլեկտրական սարքավորումների արտադրողներին, պայմանով, որ դրանք արտադրված լինեն Միացյալ Նահանգներում: Եվրոպացի առաջնորդների կարծիքով՝ այս օրենքը կարող է հանգեցնել նոր անդրատլանտյան առեւտրային պատերազմի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ էր արել ստեղծել Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամ՝ աջակցելու ԵՄ տնտեսությանն՝ ի պատասխան ԱՄՆ-ում Գնաճի նվազեցման ակտի:
«Ես կարող եմ ողջունել ԱՄՆ-ում Գնաճի նվազեցման ակտը, որը կապահովի կանաչ անցում աշխարհում ածխածնի արտանետումների խոշորագույն աղբյուր հանդիսացող ամերիկյան տնտեսության համար: Այնուամենայնիվ, այս ակտը կարող է լրացուցիչ առավելություններ տրամադրել ԱՄՆ ընկերություններին եւ բիզնեսին: Ուստի ԵՄ-ն պետք է ստեղծի իր սեփական Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամը՝ ուղղված եվրոպական տնտեսությանն աջակցելուն»,- ասել էր ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: