Եվրահանձնաժողովը կոչ է արել ստեղծել Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամ

07.12.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՀ #Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել ստեղծել Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամ՝ աջակցելու ԵՄ տնտեսությանն՝ ի պատասխան ԱՄՆ-ում Գնաճի նվազեցման ակտի (Inflation Reduction Act, IRA):

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ես կարող եմ ողջունել ԱՄՆ-ում Գնաճի նվազեցման ակտը, որը կապահովի կանաչ անցում աշխարհում ածխածնի արտանետումների խոշորագույն աղբյուր հանդիսացող ամերիկյան  տնտեսության համար: Այնուամենայնիվ, այս ակտը կարող է լրացուցիչ առավելություններ տրամադրել ԱՄՆ ընկերություններին եւ բիզնեսին: Ուստի ԵՄ-ն պետք է ստեղծի իր սեփական Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամը՝ ուղղված եվրոպական տնտեսությանն աջակցելուն»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարը նաեւ կոչ է արել ակտիվացնել ԵՄ պրոտեկցիոնիստական քաղաքականությունը, ինչպես նաեւ առաջարկել է Եվրահանձնաժողովին փոխանցել եվրոպական բիզնեսի պաշտպանության հիմնական որոշումները, որոնք այժմ գտնվում են ԵՄ երկրների ազգային կառավարությունների իրավասության ներքո:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզեցնել ԵՄ երկրներում բիզնեսին պետական աջակցության տրամադրման կանոնները եւ պայմաններ ստեղծել, որպեսզի դրանով զբաղվեն ոչ թե ԵՄ առանձին կառավարությունները, այլ ամբողջ համայնքը, ինչի համար էլ անհրաժեշտ է Եվրահանձնաժողովի կառավարման ներքո գտնվող ԵՄ Ինքնիշխանության հիմնադրամը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ն ոչ թե առճակատում, այլ համագործակցություն է ցանկանում ԱՄՆ-ի հետ։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն «միասին ավելի ուժեղ են, քան առանձին»:

Ամռանն ԱՄՆ-ում ընդունած Գնաճի նվազեցման ակտը սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրամոբիլների, մարտկոցների եւ էլեկտրական սարքավորումների արտադրողներին, պայմանով, որ դրանք արտադրված լինեն Միացյալ Նահանգներում: Եվրոպացի առաջնորդների կարծիքով՝ այս օրենքը կարող է հանգեցնել նոր անդրատլանտյան առեւտրային պատերազմի։

Ֆոն դեր Լեյենն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ ներկայիս պայմաններում նոր առեւտրային պատերազմը չի բխում ոչ Բրյուսելի, ոչ Վաշինգտոնի շահերից։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ԱՄՆ պրոտեկցիոնիստական ծրագրերը՝ սուբսիդավորելու ամերիկյան ընկերություններին Գնաճի նվազեցման ակտի շրջանակում, «սպառնում են պառակտել Արեւմուտքը»։ Մակրոնի խոսքով՝ «սա կարող է լուծել ամերիկյան հարցերը, բայց սրում է եվրոպական խնդիրները»։
Դիտում՝ 8385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW